ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգապետերին կոչ է արել աշխատել դպրոցները բացելու ուղղությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կարծում եմ, որ նրանք պետք է անպայման բացեն դպրոցները: Երիտասարդները շատ քիչ են ենթարկվում դրան (կորոնավիրուսին)»,- ասաց նա Կոլորադոյի եւ Հյուսիսային Դակոտայի նահանգապետների հետ հանդիպման ժամանակ:

Թրամփի խոսքով՝ վերջնական որոշումը նահանգների ղեկավարներինն է, սակայն նա չի համարի, որ նահանգները վերականգնվել են, եթե դպրոցները բաց չեն:

Ընդ որում, նա խոստովանել է, որ դպրոցների՝ որոշակի տարիքի աշխատակիցները, որոնք կարող են հիմնավորված մտահոգություններ ունենալ COVID-19-ի հետ կապված, կարող են ավելի ուշ դուրս գալ աշխատանքի:

Դպրոցներն այժմ փակ են ԱՄՆ-ում կորոնավիրուսային համավարակի պատճառով: Դպրոցականներն անցնել են հեռավար ուսուցման: Շատ նահանգներում այս ռեժիմն արդեն երկարաձգվել է մինչեւ ուսումնական տարվա ավարտը: