ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը հաղթահարել է կորոնավիրուսային ինֆեկցիան եւ սկսում է կրկին աշխատել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գենետիկ տեխնոլոգիաների հարցերով խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ֆալկովն արդեն ռուսական կառավարության չորրորդ նախարարն է, ում մոտ COVID-19 է ախտորոշվել:

Ավելի վաղ կորոնավիրուսով էին վարակվել վարչապետ Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշեւը եւ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան: Ինֆեկցիան հայտնաբերվել է նաեւ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի եւ Պետդումայի մի քանի պատգամավորների մոտ:

Մայիսի 14-ին Լյուբիմովան հայտնել էր, որ աշխատանքի է վերադառնում՝ կորոնավիրուսային ինֆեկցիան հաղթահարելով: Ինչպես սպասվում է, Միշուստինը աշխատանքի կվերադառնա մոտակա օրերին: Նա տեսակապով կառավարության հետ արդեն մի քանի խորհրդակցություն է անցկացրել: