Ֆրանսիայում խտրականության դեմ պայքարի ասոցիացիաները դատի են տվել Twitter-ին: Հայցվորները կարծում են, որ կորպորացիան բավարար արդյունավետորեն չի արձագանքում ատելություն հրահրող հրապարակումներին, հայտնում է RFI-ն:

Փարիզի դատարան դատական ​​հայցը ներկայացվել  է SOS racisme-ի, SOS homophobie-ի եւ Ֆրանսիայի հրեա ուսանողների միության (UEJF) կողմից: Այս կազմակերպությունների ներկայացուցիչներն ուսումնասիրություն են իրականացրել եւ պարզել են, որ Ֆրանսիայում մեկուսացման ռեժիմի ընթացքում թշնամանք հրահրող հրապարակումների թիվն աճել է 43 տոկոսով: Նրանց տվյալներով՝ մարտի 17-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ցանցերում ռասիստական ​​հրապարակումների թիվն աճել է 40.5 տոկոսով, հակասեմականների թիվը՝ 20 տոկոսով, իսկ ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելություն հրահրող հրապարակումների թիվը՝ 48 տոկոսով:

Ասոցիացիաները կարծում են, որ Twitter-ն արդեն «երկար ժամանակ է եւ անընդհատ» անտեսում է մոնիտորինգը եւ նման հրապարակումների մանրակրկիտ մոդերացիան: Հայցվորները շեշտում են, որ իրենք սոցիալական ցանցի ղեկավարությանը զեկուցել են վիրավորանքներ պարունակող 1110 թվիի մթասին, սակայն դրանց միայն 12 տոկոսն է ջնջվել դիմելուց 3-5 օր հետո: «Պլատֆորմը հստակ չի ցանկանում կադրային ռեսուրսներ հատկացնել մոդերացիայի համար»,- նշել է SOS Racisme-ի ղեկավար Դոմինիկ Սոպոն:

Ասոցիացիաները կցանկանային դատական կարգով ​​հասնել Twitter-ի տեխնիկական եւ կադրային հնարավորությունների նկատմամբ փորձաքննության նշանակմանը՝ մարդկության դեմ հանցագործությունների արդարացման, ռասայական եւ գենդերային ատելության հրահրման, ինչպես նաեւ բռնության կոչերի դեմ պայքարի համար:

AFP-ն հայտնում է, որ Twitter-ում հայտարարել են, որ կմոբիլիզացնեն առկա բոլոր ռեսուրսները՝ մոնիտորինգի, մոդերացիայի եւ օգտատերերի բողոքներին արձագանքելու համար: