Տավուշի մարզի Բերքաբեր գյուղը երեկ ենթարկվեց գնդակոծության․ նման դեպքերը պահանջում են անհապաղ արձագանք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը․

«Ընդ որում, անհրաժեշտ է բացառապես պրոֆեսիոնալ աշխատանք ու որքան էլ բարդ է զայրույթը զսպելը, չպետք է տրվել էմոցինաների: Մենք ընդամենը 2 օրում հասցրինք իրականացնել փաստահավաք աշխատանք ու կազմել արտահերթ զեկույց հետևյալ հիմնական հետևություններով՝

1) գնդակոծությունը տեղի է ունեցել քաղաքացիական խաղաղ բնակավայրի, այն է՝ ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ՝ ցերեկային ժամի՝ 13:00-14:00-ի սահմանում.

2) գնդակոծությունը տեղի է ունեցել խոշոր տրամաչափի զինատեսակի կիրառությամբ.

3) գնդակոծությունն առաջացրել է վախ երեխաների և անհանգստություն նրանց ծնողների շրջանում.

4) գնդակոծությունն առաջացրել է երեխաների ծնողների անհանգստությունը՝ նման միջադեպի անկանխատեսելիության և անորոշության պատճառով.

5) նոր կորոնավիրուսի (COVID-19) համաճարակի կանխարգելման և դրա տարածման դեմ պայքարի համընդհանուր կանոններն ակնհայտորեն վկայում են գնդակոծությամբ Հայաստանի քաղաքացիական խաղաղ բնակավայրին՝ Բերքաբեր գյուղին և գյուղի բնակիչների կյանքին և առողջությանը, նրանց գույքին վնաս հասցնելու մտադրության մասին.

6) գնդակոծությունը տեղի է ունեցել գյուղի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների և տարեցների կյանքի ու առողջության, նրանց գույքի համար ակնհայտ վտանգավոր եղանակով.

7) 2020 թվականին Հայաստանի խաղաղ բնակավայրերը գնդակոծելու արդեն իսկ արձանագրված մի շարք դեպքերը վկայում են դրանց կրկնվելու իրական վտանգի մասին:

Արտահերթ զեկույցը կուղարկվի մարդու իրավունքների միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողով (բոլոր պատգամավորներին, ինչպես արել եմ միշտ) և Արտաքին գործերի նախարարություն», գրել է Արման Թաթոյանը եւ տեղադրել արտահերթ զեկույցի տեքստի հղումը․