Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան լքել են բանտը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները ազատ են արձակվել համաներմամբ:

Լրագրողների հետ զրույցում Օկրուաշվիլին եւ Ուգուլավան հայտնել են, որ մոտ ժամանակներս կվերադառնան ակտիվ քաղաքական գործունեության:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ նախագահը կարող է ներում շնորհել միայն դատապարտված անձանց:

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ո՛չ Օկրուաշվիլիին, ո՛չ Ուգուլավային քաղբանտարկյալ չի ճանաչում: Նա նաեւ նշել է, որ նրանց ներում շնորհելու մասին որոշում է կայացրել՝ ելնելով երկրի շահերից:

Օկրուաշվիլին ձերբակալվել էր 2019-ի հուլիսի 25-ին: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել «հունիսի 20-21-ին Վրաստանի խորհրդարանի գրոհի ժամանակ բռնի գործողություններում մասնակցության, կազմակերպման մեջ»:

2020-ի ապրիլի 13-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը նրան մեղավոր էր ճանաչել եւ 5 տարվա ազատազրկման դատապարտել:

Ուգուլավան դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման Թբիլիսիի զարգացման ֆոնդից միջոցներ ծախելու գործով: