Ընդհանուր առմամբ, տեղի է ունենում խոսակցություն, բանակցություն այս իրավիճակի քննարկման ուղղությամբ։ Մենք մեր սկզբունքներն արձանագրել են, եւ հարց է եղել, արդյո՞ք մենք շարունակելու ենք բանակցել այն կետից․ որ թողել է Սերժ Սարգսյանը, սա էլ ենք հրապարակային ասել, ասել ենք, որ ոչ, որովհետեւ այն, ինչը մենք ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չի։ Այս մասին իր առցանց ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ հետեւյալ հարցին․ «Այդպես էլ անորոշ մնաց՝ Արցախի հարցի շուրջ բանակցություննե՞ր են, թե կոնսուլտացիաներ, ի վերջո քննարկվում է խնդրի լուծման փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակը»։
«Եվ մնացած հարցերին պատասխանել ենք, եւ էլի եմ ասում՝ պետք չի մեզ կաշկանդել, որ մենք բանակցային սեղանի շուրջ չխոսենք, չլսենք․․․ Կան ամենատարբեր տեսակետները հարցի կարգավորման ձեւերի ու փուլերի կամ փուլային ու փաթեթային տարբերակների վերաբերյալ։ Փուլային կամ փաթեթային ասելով պետք է հասկանանք, թե ինչ ենք հասկանում․․․ Փաթեթային ասելով հասկանում ենք, որ հարցը լուծվելու է մի ժամո՞ւմ, փուլայի՞ն ասելով ինչ ենք հասկանում, որ հարցը լուծվելու է 100 տարո՞ւմ», ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ դրանք հարցեր են, որ պետք է շատ մանրամասն պարզաբանվեն։
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձեւավորվել․
«Իսկ հին փաստաթղթի շուրջ մենք հրաժարվել ենք, ասել ենք՝ դա անընդունելի է։ Դա չի նշանակում, որ բանակցությունների ժամանակ մասնակիցներից մեկի ձեռքի տակ այդ փաթեթը չէր կարող լինել։ Ես նկատի ունեմ, պետք չի Ղարաբաղի հարցի շուրջ մեզ փորձել դնել վիճակի մեջ, որ մենք մի բան չասենք կամ մի բան չլսենք։ Բանակցությունն ի՞նչ է։ Մենք պետք է լուծում գտնենք իմ առաջարկած բանաձեւի շրջանակում, որ պետք է գտնենք լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար։ Եվ այս քննարկումները, բանակցությունները նրա համար էին, որ այդ լուծումը գտնվի»։
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե հայկական կողմը հետեւողականորեն պաշտպանելու է իր դիրքորոշումը․
«Շատերն ասում են՝ հնարավոր չի այդպիսի լուծում․ է, հնարավոր չի՝ հնարավոր չի, ուրեմն չի լուծվի։ Մեր խնդիրն այն է, որ փնտրենք եւ գտնենք այդպիսի լուծում։ Իսկ բանակցությունն այդպիսի բան է, որ կարող է քննարկում լինել։ Իսկ կարող է՞ այդսպիսի տարբերակն ընդունելի լինի,իսկ կարող է՞, այնուամենայնիվ, այնպիսի տարբերակն ընդունելի լինի, որը երկու տարի առաջ ընդունելի չէր։ Պետք չի մեզ կաշկանդել, որ հանկարծ մեկն այնպիսի տարբերակ ասի, որ մենք մեր ականջները փակենք, սենյակից փախնենք։ Չի լինելու այդպիսի բան։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք եւ մենք մեր դիրքորոշումը հետեւողականորեն պաշտպանելու ենք։ Այն պահին, որ կարող է պարզվել, որ այ, կա կոմպրոմիսի հնարավորություն, որին մենք չպետք է ասենք չէ, ուրեմն մենք պետք է ճկունություն ցուցաբերենք։ Որովհետեւ բոլորն ասում են, որ պետք է գտնվի փոխզիջումների միջոցով։ Հիմա հարց, որն է փոխզիջման այն սահմանը, որից այն կողմ անընդունելի է։ Այդպիսի գծեր կան եւ Ադրբեջանի համար, եվ Հայաստանի համար, եւ Ղարաբաղի համար։ Բա բանակցությունը դրա համար է։ Եվ էլի եմ ասում, այն, ինչ հրապարակային հայտարարել եմ, ոչ մի բան ավելացնելու կամ պակասեցնելու կարիք չկա։ Հիմա կարող է՞ մենք գնացինք բանակցեցինք, հետո երկրորդ անգամ գնացինք, հետո երրորդ անգամ, իսկ փաթեթային նշանակում է նստել մի ժամում բանակցել կամ այնքան մնալ, մինչեւ լուծում լինի, դա էլ կարող են ասել փուլային տարբերակն է, որովհետեւ 4 փուլով բանակցել ենք», ասել է Նիկոլ Փաշինյանը։











