Կարանտինը բրիտանական Լեսթեր քաղաքի եկեղեցիներից մեկի վանահայրերին ստիպել է երիտասարդների հետ շփվել նրանց լեզվով՝ համակարգչային խաղերի լեզվով: Գաղափարի հեղինակ Ջոշ Յանգը հայտնի Minecraft խաղի սերվերներից մեկում պատրաստել է եկեղեցու պատճեն եւ ստեղծել հանձնարարություններ, որոնք երեխաներին պետք է ծանոթացնեն աստվածաշնչյան սյուժեներին, փոխանցում է BBC-ն:
Օրինակ՝ Յանգի կառուցած աշխարհում խոր ծով կա, որտեղ մեծ կետ է բնակվում: Սա հղում է Հին կտակարանից Հովհաննես մարգարեին, որը նրան կուլ էր տվել: Կա նաեւ հանձնարարություն ծովի ափին կառուցել մակույկներ. երեխան, ըստ մտահղացման, այսպես պետք է իմանա այն մասին, որ Հիսուսն իր աշակերտների հետ լողալիս սանձել է ծովի փոթորիկը:
«Նրանք չեն կարող ընկերներին հանդիպել, եւ նրանցից ոմանց համար հիմա իսկապես դժվար է: Minecraft-ում նրանք կարող են հանդիպել, զրուցել եւ խաղալ առանց ֆիզիկական ներկայության... Երիտասարդները հիմա ապրում են այդ առցանց աշխարհում, եւ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է մարդկանց հետ հանդիպել այնտեղ, որտեղ նրանք կան, նրանց դաշտում»,- ասել է Յանգը:
Նրա խոսքով՝ ամեն չորեքշաբթի 11-17 տարեկան մոտ 20 երեխա այս կառուցված աշխարհում անցկացնում է 2,5 ժամ: Ծրագիրը 30 րոպեում նրանց տեղափոխում է «աստվածաշնչյան» հանձնարարությունների գոտի, սակայն ժամանակի մեծ մասի ընթացքում նրանք կարող են այնտեղ անել ամենը, ինչ ուզեն՝ կառուցել իրենց տները, հետազոտել շրջակայքը եւ այլն: Միակ բանը, որ «չի կարելի» անել՝ անպարկեշտ արտահայտություններն են, բայց Յանգը մտածել է այն մասին, որպեսզի մեծահասակները կարողանան դա վերահսկել: Նրանք կարող են նաեւ տեսնել, թե երեխաներից ով է միացել խաղին եւ ստացել է արդյոք ծնողների թույլտվությունը:
Հիշեցնենք, որ Minecraft-ը հանրահայտ խաղ է, որում գեյմերները կարող են կառուցել սեփական աշխարհը, տարբեր շենքեր, տնտեսություն վարել, մարտնչել հրեշների դեմ եւ անգամ գոյատեւել վայրի բնության պայմաններում:





























