Հայաստանի ողջ տարածքով 100 մեգաբիթ արագությամբ հեռահաղորդակցության օպտիկա-մալուխային ցանց կստեղծի Ericson ընկերությունը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահե Դանիելյանը՝ նշելով, որ ընկերությունը մրցույթի հաղթող չէ, այլ գործընկեր։

«Մենք պետական պատվեր չենք իջեցրել, այլ գործընկերության կոչ էինք արել, որին արձագանքել էին Ericson-ը, Cisco-ն եւ Alkatel ընկերությունները։ Դրանից ընտրվեց առաջինը»,-ասաց Դ. Դանիելյանը։ Շուտով ընկերությունը իր բիզնես մոդելը կներկայացնի նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ համապատասխան լիցենզիան ստանալուց հետո կսկսի ցանցի ստեղծման աշխատանքները։

«Ericson-ը նախատեսում է երկու տարում պատրաստել արագագործ ցանցը եւ դրա համար կներդնի 70մլն դոլար, որից կեսը կապիտալ ծախսեր, իսկ մյուս կեսը՝ ընթացիկ ներդրումներ կլինեն»,-ասաց Վ. Դանիելյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը կապահովի ինտերնետի միայն մեծածախ մասը, եւ չպետք է մտնի մանրածախ շուկա, որպեսզի չխաթարի հարաբերությունները մանրածախ շուկայում։ Վ. Դանիելյանը չբացառեց ծրագրի իրականացմանը համար պետության աջակցությունը։

«Համաշխարհային բանկի տրամադրած «Էլեկտրոնային հասարակություն եւ նորարարություն հանուն մրցունակության» վարկային ծրագրից, որը  24 միլիոն դոլար է, հնարավոր է, որ 7 մլն դոլարը ներդրվի հենց այս ծրագրի իրականցման համար»,-ասաց Վ. Դանիելյանը։

Նշենք, որ 100 մեգաբիթ արագությամբ ցանց ստեղծելու կառավարության այս ծրագիրը նպատակ ունի արագագործ ինտերնետը հասանելի դարձնել Հայաստանի ողջ տարածքում՝ վերացնելով Երեւանի եւ հեռավոր շրջանների միջեւ առկա ճեղքվածքը, քանի որ նոր ցանցը պետք է արագագործ ինտերնետ ապահովի Հայաստանի բոլոր գյուղերում։