Իրանում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ժամանակավորապես ազատված առնվազն 16 հազար բանտարկյալ չի վերադառնա բանտ, քանի որ արձակուրդի ընթացքում նրանց բանտարկությա ժամկետը կմոտենա ավարտին: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի Պետական բանտերի կազմակերպության ղեկավար Ասգար Ջահանգիրը:
«Արձակուրդից օգտված 16 հազար բանտարկյալի ազատազրկման ժամկետն այս ընթացքում լրանում է: Նրանք այլեւս չեն վերադառնա բանտ»,- մեջբերում է նրան ISNA գործակալությունը:
Իրանի իշխանությունները մարտի սկզբին որոշում էին կայացրել երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով մի շարք բանտարկյալների ժամանակավորապես ազատ արձակման մասին: Ինչպես պարզաբանել է Գերագույն դատարանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, «բանտարկյալներն ազատ են արձակվում այնպես, որպեսզի անվտանգության սպառնալիք չստեղծեն հասարակության մեջ», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայլին նշել է, որ արձակուրդից օգտվել է մոտ 114 հազար մարդ իրանական բանտերից: Ընդ որում, նրանցից մոտ հազարն օտարերկրյա քաղաքացիներ են:





























