Չինաստանը ժամանակին եւ առանց հապաղելու է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել կորոնավիրուսի բռնկման մասին: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը՝ երկուշաբթի ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանը միշտ հավատարիմ է եղել բացության, թափանցիկության եւ պատասխանատվության սկզբունքներին, ժամանակին տեղեկացրել է ԱՀԿ-ին եւ մյուս երկրներին համաճարակաբանական իրավիճակի մասին, առանց հապաղելու հրապարակել է վիրուսի գեների հաջորդականությունը»,- ասել է նա: Սի Ցզինպինն աշխարհի երկրներին կոչ է արել համախմբել իրենց ջանքերը եւ ակտիվ քաղաքական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԱՀԿ-ին՝ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետորեն պայքարելու համար:
«Անհրաժեշտ է աջակցել ԱՀԿ-ի դերի ուժեղացմանը, օգնել, որպեսզի այն կարեւոր ներդրում ունենա համավարակի դեմ պայքարում,- շեշտել է նա Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ունեցած իր ելույթում:- Հիմնական փուլի ժամանակն է, եւ ԱՀԿ-ի գործունեությանն աջակցելն օգնություն է [միջազգային] համագործակցությանը, որն իրականացվում է այս ուղղությամբ, աջակցություն միջոցառումներին, որոնք ուղղված են մարդկայն կյանքերի փրկությանը»: Չինաստանը կոչ է անում մեծացնել քաղաքական եւ ֆինանսական օգնությունն այս կազմակերպությանը»:
Ըստ Սի Ցզինպինի՝ միջազգային հանրությունը պետք է համախմբի ուժերը՝ կորոնավիրուսի դեմ արդյունավետորեն պայքարելու համար: «Չինաստանը անփոփոխ կերպով պահպանում է թափանցիկությունը համավարակի դեմ պայքարին վերաբերող հարցերում եւ անմիջապես տեղեկատվություն է տրամադրում ԱՀԿ-ին եւ մյուս երկրներին»,- եզրափակել է Չինաստանի ղեկավարը:




























