Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է, դատում են նաեւ նրա նախագահության տարիներին գյուղատնտեսության մեջ դրական արդյունքների համար։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը մեր երկրի նախկին ղեկավարներն են, եւ պետք է նրանց հանդեպ հարգանք դրսեւորել։ Եթե խոսվում է ինչ-որ միլիարդների մասին, ապա ինչու հանրությունը մինչ այժմ դրանք չի տեսել»,- նշեց նա։ Այդ ամենը, նրա խոսքերով, պատահական չէ՝ Ռոբերտ Քոչարյանը եղել է երկրի լավագույն նախագահներից մեկը, որը բավական լրջորեն է ազդել գյուղատնտեսության զարգացման վրա։

«Նրա կառավարման տարիներին ֆերմերները պարարտանյութերի եւ սերմերի անբավարարություն չէին զգում։ Ֆինանսավորվում էին այն ծրագրերը, որոնք նպաստում էին երկրի գյուղատնտեսության զարգացմանը։ Եթե վերցնենք Սերժ Սարգսյանի նախագահության տարիները, ապա 2014թ․, օրինակ, մենք արտահանել ենք 50 000 տոննա կարտոֆիլ, իսկ այժմ արդեն ինքներս ենք ներկրում Բելառուսից»,- ընդգծեց փորձագետը։