Ծածուկ ծառայությունը լրացուցիչ միջոց է երթեւեկության վերահսկողությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՃՈ ծածուկ ծառայության շուրջ ծագած հասարակական դժգոհություններին։

«Օրինակ, լկտիության հավասարվող արարքներ են տեղի ունենում քաղաքի ինչ-որ հատվածում, եւ մինչ Ճանապարհային ոստիկանությունը իր գունագրաֆիկ երանգավորում ունեցող մեքենայով, փարոսիկներով կժամանի դեպքի վայր, օրինախախտներն այլեւս այդտեղ չեն լինում, փախչում են: Բա լավ, ո՞նց պայքարենք նրանց դեմ»,– ասաց նա։

Պատգամավորը շեշտում է` ճանապարհային ոստիկանությունը երբեմն նույնիսկ պարտավոր է իրականացնել այսպիսի ծառայություն: Ըստ Խաչատրյանի`  անկարգ վարորդների մի խումբ կա, ովքեր քաղաքում թույլ են տալիս բավականին լուրջ խախտումներ, անկարգություններ, խուլիգանական դրսեւորումներին մոտ արարքներ` օգտվելով այն հանգամանքից, որ օրվա ոչ բոլոր ժամերին են ոստիկանները կարողանում ծառայություն իրականացնել. «Այս երեւույթներն առաջացրել է քաղաքացիների դժգոհությունը: Գիշերվա ժամերին Երեւանում դրիֆտներ են կազմակերպում, երթեւեկում են անհասկանալի արագությամբ` ստեղծելով վթարային իրավիճակներ, ինչը շատ հաճախ բերում է մահվան ելքով դեպքերի: Թիրախավորված են հենց այսպիսի խուլիգանական արարքներով աչքի ընկնող վարորդները»,- ընդգծեց Խաչատրյանը:

Պատգամավորը անհիմն է համարում ծածուկ ծառայության շուրջ քննարկումներն ու դժգոհությունները: Ոստիկանական ուժերը, նրա համոզմամբ, պրոֆեսիոնալ են, եւ գիտեն, թե պայքարի ինչ ձեւ ընտրեն:

Մանրամասները` տեսանյութում