ԵՄ երկրները համոզված են, որ Իսրայելի իշխանությունները պետք է հրաժարվեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են պաղեստինյան տարածքների բռնակցման հանգեցնել: Այս մասին ասված է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպե Բորելի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք Իսրայելին վճռականապես կոչ ենք անում ձեռնպահ մնալ որեւէ միակողմանի որոշումից, որը կարող է պաղեստինյան ցանկացած գրավյալ տարածքի բռնակցման հագենցնել, ինչը կհակասեր միջազգային իրավունքին» - նշվում է հայտարարության մեջ:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ԵՄ-ն չի ընդունի սահմանային փոփոխությունները, եթե իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ փոխադարձ համաձայնություն չլինի:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մայիսի 17-ին հայտարարել էր, որ ժամանակն է Պաղեստինյան տարածքների մի մասը բռնակցել Հորդանան գետի Արեւմտյան ափին՝ հօգուտ հրեական բնակավայրերի: Այս դիրքորոշման մասին նա հայտնել էր՝ Կնեսետում (խորհրդարանում) ներկայացնելով մարտի 2-ի ընտրությունների արդյունքում իր կողմից ստեղծված կառավարությունը:
Նախարարների կաբինետը կազմավորվել է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության եւ իսրայելական բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Հանցի «Կահոլ-Լավան» կուսակցության կոալիցիոն համաձայնագրի հիման վրա: Փաստաթղթի համաձայն՝ Նեթանյահուն եւ Հանցը հերթականությամբ վարչապետներ կլինեն՝ յուրաքանչյուրը 18 ամիս: Քաղաքական գործիչների միջեւ համաձայնագիրը կառավարության ղեկավարին թույլ է տալիս հուլիսի 1-ից հետո սկսել քայլեր ձեռնարկել Հորդանան գետի Արեւմտյան ափի առանձին հատվածների վրա ինքնիշխանություն տարածելու ուղղությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի համաձայն:
2016-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել էր 2334 բանաձեւը՝ պահանջելով դադարեցնել իսրայելական կարգավորման գործընթացները գրավյալ տարածքներում: Իսրայելը հրաժարվել էր կատարել այդ փաստաթղթի դրույթները:




























