Առաջին անգամ հայաստանյան 3 քաղաքներում՝ Երեւան, Գյումրի, Վանաձոր, ինչպես նաեւ Ստեփանակերտում, մայիսի 7-ին միաժամանակ տեղի կունենա «Համակարգչի ազատագրում՝ GNU / Linux Install Fest» ակցիան։ Միջոցառման նախաձեռնող եւ կամավոր Նորայր Չիլինգարյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ միջոցառման նպատակն է մարդկանց ծանոթացնել ազատ ծրագրերին եւ դրանք անվճար տեղադրել նրանց համակարգիչներում։
Ն. Չիլինգարյանի խոսքով՝ համակարգչային ծրագրերը կարող են օգտագործվել որպես գաղութացման, փաստացի ճորտացման գործիք՝ ճիշտ այնպես, ինչպես ռումբերը կամ միջազգային վարկերը:
«Այսօր հարյուրավոր երկրներ կարծես պատանդ լինեն ծրագրային ապահովում արտադրող որոշ խոշոր ընկերությունների ձեռքում, իսկ այդ երկրների բնակիչները՝ տարեկան տասնյակ միլիարդավոր դոլարների տուրք են վճարում վերոնշյալ ընկերություններին»,-ասաց Ն. Չիլինգարյանը: Նրա խոսքով, անվճար ծրագրերը՝ գրասենյակային, մուլտիմեդիա, համացանցային, գրաֆիկական, ի վիճակի են բավարարել համակարգչային շարքային օգտատերերի 99 տոկոսի առօրյա աշխատանքային պահանջները։
«Շատերը չեն էլ պատկերացնում, որ հնարավոր է ունենալ լիարժեք աշխատող համակարգիչ առանց Microsoft, Adobe կամ Apple ընկերությունների օպերացիոն համակարգերի ու ծրագրային փաթեթների»,-ասաց Ն. Չիլինգարյանը՝ նշելով, որ մինչդեռ ազատագրված համակարգիչը զգալիորեն ավելի քիչ խնդիրներ կունենա վիրուսների ու լրտեսական ծրագրերի («տրոյաններ») հետ, քանի որ դրանց ճնշող մեծամասնությունը ստեղծված է միայն MS Windows միջավայրում աշխատելու համար։
«Եկեք փորձենք ազատագրել մեր համակարգիչները «գաղութարար» ծրագրերից եւ օգտվենք ազատ ծրագրային ապահովման գործիքներից»,- կոչ է անում Ն. Չիլինգարյանը։
Նշենք, որ միջոցառման օրը Instigate ընկերության մասնագետները եւ անհատ կամավորները կօգնեն ցանկացողներին տեղադրել անվճար ծրագրեր ցանկացած համակարգչի վրա. ԳՆՈՒ/Լինուքս օպերացիոն համակարգ, գրասենյակային փաթեթ, մուլտիմեդիա ծրագրեր, հայերեն տառատեսակներ։ Այդ մասնագետները կկարգավորեն նաեւ համացանցային միացումները՝ WiFi, dial-up կամ այլ: Ընկերության մասնագետների եւ կամավորների օգնությունը նույնպես անվճար է:
Երևանում եւ Գյումրիում միջոցառումը կանցկացվի ««Ինստիգեյթ»-ի գրասենյակներում, իսկ Վանաձորում՝ Կենտրոնական գրադարանում եւ Ստեփանակերտում՝ Երիտասարդական Պալատում։
Նշենք, որ Միջոցառումը նախաձեռնել են «Ինստիգեյթ Ուսումնական Կենտրոն» ՀԿ-ն, «Ժառանգ» մշակութային ՀԿ-ն, ինչպես նաեւ անհատ կամավորներ։





























