Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը տեղյակ է ԱՀԿ ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակի պարունակությունից: Կազմակերպությունը մտադիր է պատասխանել նամակին: Այս մասին հայտարարել է Ժնեւում ԱՀԿ պաշտոնական ներկայացուցիչ Ֆադելա Շայիբը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես տեսել եմ այդ նամակը: Այս պահին որեւէ արձագանք չունեմ: Մենք շատ զբաղված ենք այժմ ընթացող Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նիստի օրակարգի ավարտի հետ կապված: Վստահ եմ, որ մեկ օրվա ընթացքում հստակ կարձագանքենք այդ նամակին»,-ասել է նա:
Ավելի վաղ Թրամփը 30 օր էր տվել ԱՀԿ-ին, որպեսզի վերջինս երաշխավորի բարեփոխումները, որոնք իրենից պահանջում է Վաշինգտոնը: Թրամփը նամակ էր հղել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսին:
Ապրիլի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը՝ նշելով, որ այդ գումարները չեն փոխանցվի , քանի դեռ կազմակերպությունը տվյալներ չի փոխանցել կորոնավիրուսի տարածման մասին:
Իր հերթին, ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսական աջակցությունը կարեւոր է հենց ԱՄՆ-ի համար, քանի որ նպաստում է ԱՄՆ-ի անվտանգության ամրապնդմանը:




























