Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այսուհետ եւս կգլխավորի համաշխարհային պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ, որը «սպառնում է կտրել միջազգային համագործակցության թելը», հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը, հայտնում է Reuter-ը։

Նա շնորհակալություն է հայտնել «շատ անդամ-պետությունների, որոնք իրենց աջակցությունն ու համերաշխությունն են հայտնել», եւ ողջունել է ԱՀԿ 194 անդամ-պետությունների փոխզիջմամբ ընդունված ԵՄ բանաձեւը, որում պարունակվում է արձագանքման միջազգային միջոցառումների անկախ գնահատականի կոչ՝ «ներառելով, սակայն չսահմանափակելով ԱՀԿ աշխատանքը»։  

«Մենք բոլորից շատ ենք հաշվետվողականություն ուզում,- ասել է ԱՀԿ տնօրենը,- մենք կշարունակենք ապահովել ռազմավարական առաջնորդությունը՝ համավարակին համաշխարհային արձագանքը համակարգելու համար»։

Նա չի հիշատակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՀԿ-ի ֆինանսավորումն ընդմիշտ դադարեցնելու սպառնալիքը, եթե նա 30 օրվա ընթացքում չսկսի բարեփոխումները։