Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեքթաշյանի, այսօր՝ մայիսի 19-ին, ավարտվեց Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, կաշառք տալու, ապօրինի զենք պահելու եւ այլ արարքների համար մեղադրվող քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագ» անունով հայտնի՝ Վահագն Աբգարյանին գրավով ազատ արձակելու՝ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքները։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի մայիսի 21-ին, ժամը 12.00։

Դատական նիստին ամբաստանյալի պաշտպան Արմեն Սողոմոնյանը հայտնեց, որ եթե Աբգարյանը գործի քննությանը խոչընդոտելու մտադրություն ունենար, ապա այս 1 ամսվա ընթացքում կիրականցներ նման գործողություններ. «Նա մնալով ազատության մեջ որեւէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը»։

Պաշտպանն անդրադարձավ իր պաշտպանյալի առողջական խնդիրներին, հայտնեց, որ նրան անհրաժեշտ է վիրահատություն, եւ, որ ՔԿՀ-ում եղած բուժօգնությունն իրեն չի բավարարում։

Պաշտպան Արթուր Գրիգորյանը խոսեց նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանի մասնակցությամբ տեղի է ունեցած միջադեպին, նշեց, որ հարուցվել է քրեական գործ, որով Աբգարյանը տուժող է ճանաչվել. «Դեռեւս 2018 թվականի դեկտեմբերի 2-ին Աբգարյանի պաշտպանը համապատասխան հիմնավորումներ բերելով խնդրել էր պաշտպանյալին տեղափոխել այլ ՔԿՀ։ Քրեական ենթամշակույթների ներկայացուցիչների հետ մեր պաշտպանյալն ունի խնդիր եւ մեր պաշտպանյալին հետապնդում են: Քրեական ենթամշակույթի դեմ ուղղված համապատասխան օրենքները կոչված են բացառելու այդ երեւույթը, մենք հիմք չունենք ասելու, որ այսօրվա դրությամբ չունենք այդ խնդիրը, մանավանդ Վահագն Աբգարյանի հետ տեղի ունեցածի լույսի ներքո։ Կա տեղեկատվություն, որ այդ ամենի հետեւում կանգնած է քրեական ենթամշակույթի բարձր աստիճան ունեցող անձ, այսպես կոչված՝ օրենքով գող»։ Պաշտպանը հավելեց նաեւ, որ այդ ամենը կապված է Վահագն Աբգարյանի կողմից քրեական ենթամշակույթը մերժելու հետ։

Երբ դատարանը խոսք տվեց Վահագն Աբգարյանին, վերջինս խնդրեց անջատել տեսախցիկները, որից հետո անդրադարձավ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքին, որի ժամանակ ինքը վնասվածքներ է ստացել, ասելով, որ դա իր կյանքի հարցն է։ Հայտարարեց, որ իրեն ՔԿՀ պետի ցուցումով երեկոյան տեղափոխել են ռեժիմի պետի սենյակ, որտեղ դանակներով հարձակվել են իր վրա։ Ապա դիմելով դատախազին ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին ասաց, որ թող իրենք «գարանտ» կանգնեն որ, որ իր հետ ոչինչ չի պատահի։

Իր խոսքում անդրադառնալով քննությանը խոչընդոտելու վտանգին, ամբաստանյալը խոստովանեց, որ նախաքննության ժամանակ առնվազն երկու վկաների հորդորել է, թե ինչպիսի ցուցմունքներ տան, որ իրենից հեռացնեն։ Խոստացավ, որ այդ անձանց հորդորելու հանգամանքը կբացատրի հետագայում։

Բացի այդ ամբաստանյալը գովասանքի խոսքեր ուղղեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին, հայտարարելով, որ առաջին ատյանի դատավորն ամեն ինչ հասկանում է, գիտի, որ ինքն անմեղ է։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն նկատեց, որ ամբաստանյալ Վահագն Աբգարյանը վերաքննիչ դատարանում արդեն իսկ փաստեց, որ խոչընդոտելու ռիսկն առկա է.

«Տարօրինակ է, որ Վահագն Աբգարյանի բերանից ենք լսում, թե քրեական ենթամշակույթի հետ ինքը խնդիրներ ունի։ Հայաստանի Հանրապետությունն այն պետությունն է, որտեղ կան բազմաթիվ մեխանիզմներ՝ անձի կյանքն ապահովելուն, առավել եւս ՔԿՀ-ներում։ Այդ պատճառաբանությամբ անձը չի կարող գտնվել ազատության մեջ, որովհետեւ այդպես յուրաքանչյուր կալանավորված անձ կարող է ՔԿՀ-ում խնդիր ստեղծել եւ հայտարարել, թե ինքը քրեական ենթամշակույթի հետ խնդիրներ ունի»։

Լուսինե Սահակյանը նկատեց, որ երբ Աբգարյանն ասում է՝ առաջին ատյանի դատավորը «հասկանում է» այս ամեն ինչը, հարց է առաջանում՝ որտեղի՞ց ինքը գիտի, թե դատավորն ինչ է «հասկանում».

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը նշեց, որ գոյություն չունի Եվրոպական դատարանի կամ Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի գեթ մեկ որոշում, որի փաստական հանգամանքներում գոյություն ունենան կոնկրետ փաստեր անձի կողմից քննությանը խոչընդոտելու մասին. «Այսինքն՝ ձայնագրություն այն մասին, թե ինչպես է ամբաստանյալը ցուցումներ տալիս գործով անցնող մյուս ամբաստանյալին։ Գորժով վկային տեղափոխեն տարբեր քաղաքներ, ազդե նրա վրա, սպառնան, շանտաժի ենթարկեն, ստիպեն գալ դատարան ու սուտ ցուցմունք տալ ու այդ պայմաններում Եվրոպական դատարանը կամ Վճռաբեկ դատարանը փաստեն, թե որեւէ նյութական արժեք ի զորու է չեզոքացնել խոչընդոտելու վտանգը»։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը նշեց, որ համոզված է՝ նոր հանցանք կատարելու վտանգը եւս շատ ճիշտ է նշվել դեռ նախաքննության ժամանակ իբրեւ հիմք. «Այդ նոր հանցանքն արդեն տեղի է ունեցել. վկային հարցադրվել է ցուցմունք տալ, խոչընդոտվել է արդարադատությունը»։

Անդրադառնալով պաշտպանական կողմի կողմից հաճախակի շահարկվող այն հայտարարությանը, թե որտեղի՞ց են ֆինանսավորվում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները, երբ սպանվածի ընտանիքը վատ սոցիալական վիճակում է գտնվում, Վարոսյանը պատմեց.

«Մենք չենք ֆինանսավորվում այս գորժով ու չենք ֆինանսավորվելու։

Կամո Փիրուզյանը 2007 թվականին եղել է մեր պաշտպանյալը եւ արդարացվել է, որից հետո գանգատ ենք ներկայացրել Եվրոպական դատարան՝ նրան ապօրինի կալանացորելու հետ կապված եւ այսօր գոյություն ունի Կամո Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի` Եվրոպական դատարանի նախադեպային որոշում։ Փիրուզյանը մեզ համար հարազատ մարդ է այնքան, որ հոգեհանգստին էլ ենք մասնակցել։ Այս կյանքում ամեն ինչ փողով չի չափվում. նրա անչափահաս դուստրը հոր դագաղի կողքը մեր առաջ դրել է պահանջ՝ «պապայիս սպանողը պիտի պատժվի»։ Ու մենք նրան խոստացել ենք, որ պատճվելու է։ Քրեական գործով ապացուցված է ամբողջությամբ, որ սպանության պատվերը տվել է Վահագն Աբգարյանը եւ նա պատասխանատվությունից չի խուսափելու, մենք մեր խոստումը չենք դրժելու»։

Նշենք, որ նախորդ դատական նիստին հայտնի դարձավ, որ գործով վկա Արթուր Մնացականյանի նկատմամբ Աբգարյանի իրապաշտպան Մարինա Պողոսյանի կողմից եղել են ճնշումներ, որպեսզի վկան դատարանում հերքի այն ցուցմունքները, որոնք տվել է նախաքննության ընթացքում։

Ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Լոռու մարզային քննչական վարչության պետԹաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով։