Էկվադորը փակում է իր մի քանի դեսպանատները եւ պետական ​​ձեռնարկությունները, որպեսզի միջոցներ խնայի կորոնավիրուսի պատճատով առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում: «Մենք կփակենք դեսպանությունները եւ դիվանագիտական ​​գրասենյակները»,- ասել է նախագահ Լենին Մորենոն հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակված իր ելույթում՝ ներկայացնելով ավելի քան 4 միլիարդ դոլարի խնայողական ծրագիրը:

Իրանում, Նիկարագուայում, Մալայզիայում դեսպանները հետ կկանչվեն՝ այդ դիվանագիտական ​​ներկայացուցչությունները թողնելով ավելի ցածր մակարդակի պաշտոնյաների ձեռքում: Մեքսիկական Տապաչուլա քաղաքում եւ Վենեսուելայի Վալենսիայում հյուպատոսությունները նույնպես ամբողջությամբ փակ կլինեն:

Էկվադորն ավելի վաղ փակել էր դիվանագիտական ​​առաքելությունները Ալժիրում, Նիգերիայում, Բելառուսում, Եթովպիայում եւ Անգոլայում:

Փակելով ավելի քան 40 նախարարություն ու գերատեսչություններ՝ Մորենոն հայտարարել է, որ հետագայում ավելի շատ կկրճատի պետական ​​ապարատը՝ լուծարելով յոթ պետական ​​ընկերություններ, այդ թվում՝ երկաթուղիներն ու փոստային ծառայությունը:

Նրա խոսքով՝ TAME ավիաընկերությունը, որն ավելի քան 400 միլիոն դոլար է կորցրել վերջին 5 տարվա ընթացքում, կվերացվի:

Հարավարեւմտյան երկրում գրեթե 34.000 մարդ է վարակվել կորոնավիրուսով եւ առնվազն 2.800 մարդ մահացել է: Իշխանությունները հայտնել են եւս 1700 մահվան դեպքի մասին, որոնք, հավանաբար, բռնկման հետեւանք են, բայց ներառված չեն զոհերի պաշտոնական ցուցակում: