Այս տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ամենայն հավանականությամբ, անկում չի գրանցվի, բայց ոլորտի կառուցվածքը կփոխվի: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ ճգնաժամի լույսի ներքո վերազգային ընկերությունները գործնականում չեն տուժել, հնարավոր է եւ դժվարություններ եղել են, բայց ֆինանսական տեսակետից իրենց հետազոտական կենտրոններից ոչ մեկը, այդ թվում նաեւ Հայաստանում, չի տուժել:

Ինչ վերաբերում է տեղական ՏՏ ընկերություններին, ապա մի շարք ընկերություններ, որոնք սեփական արտադրանք են առաջարկում, այս շրջանում զգալի աճ են գրանցել: Մեծապես տուժել են այն ընկերությունները, որոնք զբաղվում են աուտոսորսինգով, արդեն կնքված մեծ թվով խոշոր պայմանագրեր սառեցվել էին համավարակի հրահրած իրավիճակի պատճառով: Որոշակի դժվարությունների են բախվել նաեւ ինժեներական ընկերությունները, որոնք չեն կարողացել մատակարարումներն ապահովել ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով: «Իրականում շատ են տուժել աուտոսորսինգի ընկերությունները, միայն ես 10 ընկերություն գիտեմ, որոնք մինչեւ տարեվերջ փակվելու են»,- հայտարարեց նա: Հիմա անհրաժեշտ է հասկանալ՝ զգալի աճ գրանցած ընկերությունները կկարողանա՞ն ամբողջ ոլորտը դուրս բերել եւ աճ ապահովել: Նա, սակայն, ընդգծեց, որ իրենց գոյությունը դադարեցրած ընկերությունների թիվը այս տարի զգալիորեն գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշները: Համավարակը ծանր դաս տվեց եւ հնարավորություն ստեղծեց որոշելու, թե ոլորտն ինչպես է զարգանալու ապագայում, հայտարարեց նա:

Փորձագետի կարծիքով՝ ներկայումս ճիշտ չէ փորձել փրկել ընկերություններին, որոնք հայտնվել են փակվելու շեմին: Ենգիբարյանը նշեց, որ իրականում անհրաժեշտ է հասկանալ, թե ինչով է հնարավոր օժանդակել հաջող ընկերություններին, ինչպես նաեւ նրանց, որոնք ձգտում են պրոֆիլը փոխել:

Նա նշեց, որ համավարակը նաեւ թույլ է տվել ավելի սթափ գնահատել ընդհանրապես համացանցի եւ համակարգչային տեխնոլոգիաների հասանելիության մակարդակը: «Շատ երկրների համեմատությամբ՝ մեզ մոտ այս հարցում վիճակը համեմատաբար դրական է: Սակայն մենք բախվեցինք զգալի դժվարությունների, մարզերից շատ երեխաներ հնարավորություն չունեին մասնակցելու հեռավար ուսուցմանը»,- հայտարարեց նա: