Գնահատականներ պետք է տրվեն եւ´ պետության ներսում, եւ´ միջազգային հանրության կողմից, որ մեր գործող իշխանություններն արտակարգ դրությունն օգտագործում են նաեւ այլախոհներին ճնշելու եւ հետապնդելու համար: Այս մասին այսօր` մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը` անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման ենթարկելուն:
Վերջինիս խոսքով այս քայլերը, որոնք արվում են ներկայիս կառավարության կողմից քաղաքացիական գործընթացները խափանելու նպատակ են հետապնդում. «Եթե հիմա արտակարգ դրություն է, ինչու է ամբողջ քաղաքը դրսում: Արտակարգ դրության ժամանակ կարող են ընտրովի ակտիվիստների կամ քաղաքական գործիչների բերման ենթարկե՞լ: Այսինքն ուզում են, որ տոտալ լռություն չինի եւ ոչ ոք չխոսի՞: Սա անթույլատրելի է:
Եթե այսօր հիսուն հոգի են, վաղը կլինեն հինգ հարյուր, մյուս օրը` հինգ հազար: Հասկանալի է, որ եթե կա համաճարակային վտանգ, կան դիմակներ, սոցիալական հեռավորության պահպանում եւ այլն, բայց մեթոդները, որոնք նրանք կիրառում են` բերման ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներին, սա արդեն ոչ համաչափ եւ իրավաչափ գործընթացներ են: Պետք է բոլորս մեր բողոքի ձայնը բարձրացնենք, որ մեր քաղաքացիները ունենան բողոքելու իրավունք»:
Անդրադառնալով երեկ «Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմանը, որը վերաբերում էր մաքսանենգ ճանապարհով ծխախոտի արտահանմանը, ինչի պատճառով էլ վերջինս հրավիրվել էր Ոստիկանության քրեական գլխավոր վարչություն հարցաքննության` Վահան Բաբայանը նշեց, որ կա խնդիր եւ մամուլը անդրադարձել է դրան, եւ բոլորն էլ իրավունք ունեն հետաքրքրվելու:
«Մեր երկրում իրենց ասելով չկա կոռուպցիա, չկա հովանավորչություն, այդ դեպքում տվյալ դեպքն ինչպե՞ս է պատահել: Կարծում եմ, որ վարչապետի առաջին քայլը պետք է լիներ դա բացահայտելը, դրա մասին խոսելը, ներկայացնելը, թե ինչ է պատահել, քան թե նման վերաբերմունք ցուցաբերել, մունաթ գալ, որ այլեւս ո´չ խոսելու, ոչ էլ հերքելու են: Սա ավելի է խորացնում այն կասկածները, որ կա խնդիր, որի մասին իշխանությունները ձայն չեն հանում»:
Վահան Բաբայանը նշեց նաեւ, որ իր տեղեկություններով բերման ենթարկվածների մի մասին բաց են թողել, սակայն մի մասին դեռ ոչ, բայց վերջինս հույս հայտնեց, որ նրանց եւս շուտով բաց կթողնեն:
«Թող իշխանությունները իմանան, որ Հայաստանի Հանրապետությունն ունի քաղաքացիներ, որոնք թույլ չեն տալու, որ իրենց բողոքի ձայնը լռեցվի, համաճարակը` համաճարակ, կորոնավիրուսը` կորոնավիրուս, բայց մենք ունենք կարծիք, եւ դա արտահայտելու լիարժեք իրավունք»:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 20-ի առավոտյան «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի բաժնում է։ Միաբանության անդամները հավաքվել էին վարչության դիմաց՝ իմանալու՝ ինչու է Արթուր Դանիելյանը հրավիրվել Ոստիկանության 6-րդ վարչություն, որի ժամանակ աջակիվներից մի քանիսին բերման են ենթարկել:











