Անցյալ տարվա տվյալներով ՏՏ-ոլորտի ընկերությունները էքսպո-ցուցահանդեսների շրջանակներում 8,5 մլն դոլարի պայմանավորվածություն են ձեռք բերել, տվյալ պահին արդեն կնքվել են ավելի քան 400 000 դոլարի պայմանագրեր։ Այս մասին «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարեց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը։

Նրա խոսքերով՝ միայն անցյալ տարվա ընթացքում հայկական ՏՏ-ընկերությունները մասնակցել են մի քանի խոշոր էքսպո-ցուցահանդեսների՝ Սինգապուրում, Ֆրանսիայում, Կատարում, Տաշքենդում եւ այլուր։ Մասնակցությունների արդյունքներով ընկերությունները կարողացել են համաձայնեցնել ընդհանուր 8,5 մլն դոլարի պայմանագրեր, որոնց մի մասը՝ 400 000 դոլարի, արդեն ստորագրվել է։

Մեկնաբանելով լրագրողների հարցն այն մասին, թե ինչ ուղղություններով է արտահանվում հայկական ՏՏ-ոլորտի արտադրանքը՝ փոխնախարարը տեղեկացրեց, որ հիմնականում խոսքը Արեւմուտքի երկրների՝ ԱՄՆ-ի եւ եվրոպական պետությունների, գերազանցապես՝ Գերմանիայի մասին է։ Շուկայի զարգացման ծրագրով 2020թ․ նույնպես նախատեսված է մասնակցություն միջազգային էքսպո-ցուցահանդեսներին։ «Մենք փորձում ենք լուծել միանգամից մի քանի հարցեր, ապահովել տեղական ընկերությունների համատեղ աշխատանքը, ինչպես նաեւ ընկերությունների արտադրանքն ու ծառայությունները ճիշտ ներկայանել»,- հայտարարեց նա։

Փոխնախարարը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով շատ ցուցահանդեսներ հետաձգվել են, սակայն հույս հայտնեց, որ սեպտեմբերին իրավիճակը կկայունանա եւ նորմալ հունով աշխատանքը շարունակելու հնարավորություն կլինի։ «Մեր նպատակը հայկական ընկերություննների ակտիվ մասնակցությունն է բոլոր միջազգային ցուցահանդեսներին»,- հայտարարեց փոխնախարարը՝ նշելով, որ խոշոր գործարքների հնարավորությունը հիմնականում տրամադրվում է հենց նման միջոցառումների շրջանակներում։