Հայաստանում ՏՏ-ոլորտի մասնագետների դեֆիցիտը տարվա սկզբին կազմել է մոտ 3000 մարդ։ Այս մասին «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկումների ժամանակ հայտարարեց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը։
Նրա խոսքերով՝ Հայաստանում իրականացվող ուսումնական ծրագրերը ՏՏ-ոլորտում հիմնվում են հենց այս կամ այն մակարդակի մասնագետների դեֆիցիտի մասին տվյալների վերլուծության վրա։ «Մենք կարծում ենք, որ ՏՏ-ոլորտում կրթական բաղադրիչը չպետք է ինքնանպատակ լինի, ստանալով համապատասխան գիտելիքներ՝ մարդիկ պետք է աշխատանքի տեղավորվելու հնարավորություն ունենան։ Հենց այս պատճառով էլ համապատասխան կրթական ծրագրեր մշակելիս մենք հաշվի ենք առել կադրերի անբավարարության մասին տեղեկատվությունը»,- հայտարարեց փոխնախարարը։ Նա տեղեկացրեց, որ կադրերի դեֆիցիտի մասին տվյալները հիմնված են գործատուների հարցումների վրա։
Թվարկելով կրթական ծրագրերը, որոնք նախաձեռնել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Ծատուրյանը հատուկ նշեց ծրագրավորման հիմունքների ուսուցման ծրագիրը։ Նա ընդգծեց, որ դա ամենազանգվածային ծրագիրն է, քանի որ նախատեսված է 2000 մարդու ուսուցման համար։ Փոխնախարարը նշեց, որ ուսուցումը կանցնի բավական ինտենսիվ ժամանակակից ծրագրերով, իսկ հետագայում նախարարությունը կաջակցի աշխատանքի տեղավորման հարցում։ Տվյալ ուսումնական ծրագրերին մասնակցելու հարցում առավելությունը կտրվի այն թեկնածուներին, որոնք աշխատել են կորոնավիրուսից տուժած ոլորտներում՝ զբոսաշրջություն, հյուրանոցային բիզնես եւ այլն։





























