Գերմանիայի Պոտսդամ քաղաքում մայիսի 2-ին տեղի է ունեցել հայ ժողովրդի բարեկամ, գերմանացի հրապարակախոս Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատմական կառույցը` որպես Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան, գերմանական կառավարության կողմից հատկացվել էր դեռեւս 1998 թվականին: Կառույցի վերանորոգման աշխատանքներն ընդհատումներով շարունակվել են շուրջ 11 տարի: Տուն-թանգարանը վերջին մեկ տարում Գերմանիայում բացված երկրորդ գիտապատմական կենտրոնն է, որը կարող է նպաստել հայագիտության տարբեր ոլորտների, նաեւ ցեղասպանության ուսումնասիրմանը:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Գերմանիայի կանցլերի գրասենյակի պետքարտուղար, մշակութային եւ տեղեկատվական հարցերով ներկայացուցիչ Բերնդ Նոյմանը, Բեռլին-Բրանդենբուրգ երկրամասի գիտության, հետազոտությունների եւ մշակույթի նախարար, պրոֆեսոր Սաբինե Կունստը, Պոտսդամի քաղաքապետ Յան Յակոբսը: Միջոցառմանը մասնակցել եւ ելույթ է ունեցել Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Միջոցառման կապակցությամբ ուղերձներ էին հղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: