Երեւանի Ավագանին այսօր` մայիսի 3-ին արտահերթ նիստում հաստատվել է «Հանրային հավաքներ անցկացնելու մասին իրազեկումների գրանցամատյանի ձեւը եւ վարման կարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսօրվանից ուժը կորցրած է ճանաչվում 2004թ-ին ընդունված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը եւ ուժի մեջ է մտնում «Հավաքների ազատության մասին» ՀՀ նոր օրենքը: Հիշյալ օրենքի 15-րդ հոդվածի պահանջով լիազոր մարմինը` քաղաքապետարանը, ներկայացված իրազեկումները գրանցում է հատուկ գրանցամատյանում, որոնց վարման կարգն ու ձեւը հաստատում է ավագանին: Գրանցամատյանի ներկայացված ձեւը եւ վարման կարգը ապահովում է օրենքի բոլոր պահանջները:
Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի ապրիլի 25-ից 28-ը Փարիզ կատարած պաշտոնական այցի շրջանակում համագործակցության համաձայնագիր էր ստորագրվել Երեւան քաղաքի եւ Իլ դը Ֆրանս շրջանային խորհրդի միջեւ: Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետը ավագանուն ներկայացնելով համաձայնագրի դրույթները` նշել է, որ այն ներառում է ենթակառուցվածքային համագործակցություն, փորձի փոխանակում տրանսպորտի, աղբի կառավարման, բնապահպանության, մշակույթի, զբոսաշրջության եւ մի շարք այլ բնագավառներում:
Ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մայիսի 6-ին:





























