Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սամվել Բալասանյանն առաջիկայում կայցելի Վրաստան: Այդ մասին նա հայտնել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ հանդիպմանը:
Հայաստանի ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի շրջանակներում նա հանդիպելու է հանձնաժողովի նորընտիր վրացի համանախագահի հետ, եւ քննարկելու են եւ հստակեցնելու հանձնաժողովի հետագա անելիքները: Բալասանյանը համոզմունք է հայտնել, որ հայ-վրացական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու զարգացումը բխում է երկու բարեկամ երկրների շահերից:
Վրաստանի դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման տեսանկյունից շատ է կարեւորվել այդ հանձնաժողովի աշխատանքները տեւական ընդմիջումից հետո վերսկսելու եւ ակտիվացնելու անհրաժեշտությունը:





























