«Ես գրքի բարեկամն եմ» երրորդ հեռուստամարաթոնի շրջանակներում, որը կազմակերպել էր Հայաստանի գրողների միությունը, հավաքվել է շուրջ 110 հազար ԱՄՆ դոլար: Այս մասին մայիսի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը:
Նրա խոսքով` հեռուստամարաթոնի գլխավոր թեման այս տարի լինելու է հանրապետությունում գրահրատարակչության զարգացմանը նպաստելը: Հանգանակությունների հավաքագրումը դեռեւս չի ավարտվել: Ներկայացված տվյալները նախնական են, քանի որ հեռուստամարաթոնի տեսագրությունը եւս մի քանի անգամ արբանյակային հեռարձակմամբ ցուցադրվելու է Հանրային հեռուտատեսությամբ` հայկական Սփյուռքի ներկայացուցիչների համար:
Մարաթոնին այսօրվա դրությամբ մասնակցել է շուրջ 400 մարդ, կազմակերպություն ու գերատեսչություն, այդ թվում եւ շուրջ 100 դպրոց, պետական մի շարք հաստատություններ, ինչպես նաեւ մի քանի քաղաքական գործիչներ ու նախարարներ: Շուրջ 800 հազար դրամ (շուրջ 2.1 հազար դոլար) է հանգանակել Կապի եւ տրանսպորտի նախարարությունը, 600 հազար դրամ (շուրջ 1.6 հազար դոլար)` Ֆինանսների նախարարությունը, իսկ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը հեռուստամարաթոնի ժամանակ հանգանակել են իրենց ամսական աշխատավարձերի չափով գումարներ: Գյումրիի քաղաքապետը շուրջ 1 միլիոն դրամ է հանգանակել, նույնքան գումար էլ նվիրաբերել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Լեւոն Անանյանը միաժամանակ ցավ է հայտնել, որ հայ գործարարներն ու բանկիրները մասնակցություն չեն ունեցել հանգանակությանը:





























