Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի եւ կողմերը երկուստեք շահագրգռվածություն են հայտնել լիարժեքորեն օգտագործել տնտեսական համագործակցության համար առկա հնարավորությունները: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` մայիսի 3-ին Բեռնում Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր շվեյցարացի գործընկերոջն առաջարկել է փոխշահավետ գործընկերային հիմունքներով համագործակցություն իրականացնել ոսկերչության, ժամագործության,  գյուղատնտեսության, ինչպես նաեւ զբոսաշրջության, կրթության եւ գիտության, մշակույթի բնագավառներում՝ բնականաբար խրախուսելով այդ ոլորտների ներկայացուցիչներին կատարելու իրենց բիզնես ծրագրերը:

«Իմ անկեղծ գոհունակությունը հայտնեցի Շվեյցարիայի իշխանություններին՝ այս օրերին անցկացվող Ժնեւի գրքի 25-րդ միջազգային ցուցահանդեսին պատվավոր հյուրի կարգավիճակով Հայաստանի մասնակցության համար: Երեկ մեծագույն հաճույքով ներկա գտնվեցի գրական աշխարհի միջազգային այս խոշոր իրադարձությանը եւ այնտեղ ականատես եղա այն ջերմ ընդունելությանը եւ մեծարանքին, որ Շվեյցարիան արժանացրել է Հայատառ գրքի կեսհազարամյա պատմությանը, ինչպես նաեւ Հայոց պատմության, մշակույթի, հայ գրական գործիչների եւ հայ արվեստագետների գործունեության լուսաբանմանը:  Կցանկանայի հատուկ արժեւորել այն կարեւոր դերակատարությունը, որ ստանձնել է Շվեյցարիայի հայ համայնքն այս արժանահիշատակ իրադարձության իրականացման համար»,- ասել է Հայաստանի նախագահն ու հավելել. «Այդ ցուցահանդեսին մեր մասնակցությունը նախանշում եւ սկիզբ է դնում   2012թ. Հայաստանում եւ արտերկրում նշվող հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ. գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ թե՛ Հայաստանում,  թե՛ արտերկրում ծրագրված բազմաթիվ միջոցառումներին»: