ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն առաջիկայում քննարկելու է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման գործողության ժամկետի երկարաձգման եւ հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին մայիսի 3-ին հայտարարել է նշված հանձնաժողովի նախագահ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը` Գերմանիայի դեսպան պարոն Հանս-Յոխան Շմիդթի հետ հանդիպման ժամանակ:

Ռուստամյանը կարեւորել է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերով, հակատեռորիստական պայքարի առումով Հայաստանի մասնակցությունը միջազգային կարեւորագույն իրադարձություններին,  ինչը Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններից է: Արմեն  Ռուստամյանը հույս է հայտնել, որ բազմակողմանի քննարկումների արդյունքում առանց որեւէ խոչընդոտի ե’ւ հանձնաժողովը, ե’ւ խորհրդարանը դրական եզրակացության կարժանացնեն համաձայնագիրը: Ըստ պատգամավորի`  այդ առթիվ քաղաքական որոշում Հայաստանն արդեն կայացրել է:

Կողմերն անդրադարձել են հայ-գերմանական համագործակցության ընդլայնմանը, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, միջազգային կառույցներում համագործակցությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ու ընտրական իրավունքի պաշտպանության խնդիրներին եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: