Չինաստանը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ «մասայական սպանության» մեջ մեղադրանքներին, փոխանցում է AFP-ն:
«Մենք ասում ենք ճշմարտությունը եւ անում ենք հնարավոր ամեն ինչ մարդկանց կյանքը եւ առողջությունը պաշտպանելու համար»,- հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը:
Նա նշել է, որ Չինաստանը «միշտ բաց, թափանցիկ եւ պատասխանատու դիրքորոշում» է ունեցել կորոնավիրուսի համավարակի հետ կապված: Նրա խոսքով՝ երկիրը անում է հնարավոր ամեն ինչ՝ այս հիվանդության դեմ պայքարում միջազգային համագործակցությանն աջակցելու համար:
Չինաստանը կտրուկ քննադատության էր ենթարկվել կորոնավիրուսի բռնկման վերաբերյալ իր սկզբնական արձագանքի համար, որն արդեն ավելի քան 325.000 մարդու կյանք է խլել ամբողջ աշխարհում:
Կառավարությունները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները եւ Ավստրալիան, կոչ են արել հետաքննություն անցկացնել դրա ծագման վերաբերյալ, իսկ ամերիկյան առաջնորդներն առաջ են քաշել այն տեսությունը, որ վիրուսը արտահոսել է չինական լաբորատորիայից: Չինաստանը հայտարարել է, որ աջակցում է համավարակին գլոբալ արձագանքի «համապարփակ գնահատմանը», երբ կհաջողվի այն վերահսկողության տակ առնել:
Ավելի վաղ Թրամփը Պեկինին բացահայտորեն մեղադրում էր «ամբողջ աշխարհում զանգվածային սպանությունների» մեջ: «Հենց Չինաստանի «ոչ կոմպետենտությունն է», եւ ոչ այլ ինչ, զանգվածային սպանությունների պատճառ դարձել ամբողջ աշխարհում»,- գրել էր ԱՄՆ նախագահը:




























