Հայաստանում մարդահամարի կազմակերպման համար պետբյուջեից հատկացումները կկազմեն ընդհանուր գումարի 25 տոկոսը` նախորդ մարդահամարի 21 տոկոսի փոխարեն: Այս մասին այսօր` մայիսի 3-ին նշել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Մարդահամարի կազմակերպման եւ անցկացման համապետական հանձնաժողովի նախագահ Ա.Գեւորգյանը` Հայաստանում ԵՄ մշտական պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ Լուցենբերգերի հետ հանդիպման ժամանակ:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայատանում մարդահամարի անցկացման աշխատանքներին Եվրամիության աջակցության հնարավորությանը վերաբերող հարցեր:
Փոխվարչապետը ներկայացրել է մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման աշխատանքները, տեղեկատվություն 2010 թ.-ի հոկտեմբերին անցկացված փորձնական մարդահամարի վերաբերյալ: Նշվել է նաեւ, որ կառավարությունը մարդահամարի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ է ակնկալում ներգրավել դոնոր կազմակերպությունների, մասնավորապես` ԵՄ կառույցների եւ ԵՄ անդամ պետությունների միջոցով:
Ռաուլ Լուցենբերգերը պատրաստակամություն է հայտնել աջակցել գործընթացին, ներկայացրել ԵՄ աջակցության հնարավոր տարբերակները:
Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը:





























