Իտալիայի պաշտպանության նախարար Ինյացիո Լա Ռուսսան հեռուստատեսության ծրագրերից մեկում չէր կարողացել հիշել, թե ով է Ալեքսանդր Լուկաշենկոն: Այս մասին հաղորդել է «Ռիա Նովոստին»` վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Ballaro ծրագրում Լա Ռուսսայի զրուցակիցը `Իտալիայի կենտրոնամետ ուժերի ղեկավար, Պատգամավորների պալատի նախկին ղեկավար Պիեռ Ֆերդինանդոն Կազինին քննադատել է վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին «անձնական դիվանագիտություն» վարելու մեջ:
Կազինիի խոսքով, վարչապետը շփվում է այնպիսի մարդկանց հետ, ում հետ վաղուց ոչ ոք չի շփվում, մասնավորապես ` Ալեքսանդր Լուկաշենկոյի: Կազինիի այս խոսքից հետո ծրագրում ընդմիջում է հայտարարվել: Պաշտպանության նախարարը չէր նկատել, որ ընդմիջումն ավարտվել էր եւ հայտնվել է տեսախցիկների առաջ:
Մինչ հաղորդավորը դիմել է Լա Ռուսսային` խնդրելով մեկնաբանել կենտրոնամետ ուժերի ղեկավարի խոսքը, նախարարը դիմել է իր մոտ նստած օգնականին եւ հարցրել. «Լուկաշենկոն ո՞վ է»:
Իտալական լրատվամիջոցները գրել են, որ այդ պահին նախարարը նման էր իր դասը չսովորած աշակերտի:





























