Համաշխարհային բանկի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի համատեղ ծրագրերն իրականացվել են հաջողությամբ եւ նպաստել մարզերում սոցիալական ենթակառուցվածքների վերականգնմանն ու զարգացմանը: Այս մասին նշվել է այսօր` մայիսի 4-ին Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ՀԲ թիմի ղեկավար Իվան Դրաբեկի հանդիպման ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են  Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորման հետ կապված հարցեր:

Երրորդ ծրագիրն ավարտվում է այս տարի, եւ կողմերը, կարեւորելով դրա շարունակականության ապահովումը, քննարկել են ՀՍՆՀ-Համաշխարհային բանկ գործակցությամբ հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նշվեց, որ ՀՀ կառավարության կողմից ծրագիրը շարունակելու վերաբերյալ համապատասխան հայտ արդեն ներկայացվել է ՀԲ-ին, եւ ներկայումս քննարկվում են ֆինանսավորման մեխանիզմները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՀԲ պատասխանատուների հետ առաջիկա քննարկումների ժամանակ այդ մեխանիզմները կհստակեցվեն: