Բացօթյա առեւտրով զբաղվող մոտ 20 մարդ այս պահին նստացույց է սկսել Ազատության հրապարակում: Այս մասին այսօր` մայիսի 4-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով` վաղը ժամը 10:30-ին նրանք բողոքի գործողություն կիրականացնեն նաեւ Կառավարության շենքի դիմաց, որից հետո կվերադառնան Ազատության հրապարակ` շարունակելու նստացույցը: Նրանք մտադիր են մինչեւ մութն ընկնելը շարունակել նստացույցը:

Նշենք, որ այսօր ժամը 16:00-ին բացօթյա առեւտրով զբաղվողներն իրենց խնդիրների լուծման պահանջով մտադիր էին բողոքի ակցիա անցկացնել ՀՀ նախագահի նստավայրի դիմաց: Ակցիայի մասնակից շուրջ 3 տասնյակ առեւտրականների սատարում էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, կուսակցության վարչության անդամներ Կարինե Հակոբյանն ու Սուսաննա Բարխուդարյանը:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակցիային հետեւում էին կողմնակի անձինք, որոնք, ենթադրաբար, քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցներ էին:

«Կարմիր բերետավորներն ու ոստիկանները, որոնց թիվը գերազանցում էր 60-ը, մասնակիցներին թույլ չտվեցին կանգնել նախագահական շենքի դիմաց: Նրանք ցանկանում էին բողոքի ցույց անել Սերժ Սարգսյանի նստավայրի առջեւ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Մինչեւ ժամը 18.30-ը բացօթյա առեւտրող զբաղվողները կանգնած էին Բաղրամյան պողոտայի կանգառում, նրարց թույլ չտվեցին նաեւ բարձրախոսը միացնել: «Ձեր երազած վերելք ապրող Հայաստանում մարդիկ սոված են», «Մեզ մի’ զրկեք ապրելու իրավունքից», «Սերժ Սարգսյան, կասեցրե’ք արտագաղթը», «Մի’ հարստացրեք սուպերմարկետները բացօթյա առեւտրի հաշվին», «Քաղաքապետը մեզ զրկեց հացից», «SOS. Հայաստանը հայաթափվում է», «Պահանջում ենք աշխատանք», «Մեր հայրենիքում պետությունը մեզ զրկում է նույնիսկ գոյատեւելու իրավունքից», «Սերժ Սարգսյան, պաշտպանեք աշխատելու մեր իրավունքը», «Աշխատանքից զրկելը պետական հանցագործություն է», «Օրենքը պետք է գործի հանուն մարդու» լոզունգներով պաստառները պարզած` մասնակիցները կանգնել են նախագահի նստավայրին դիմահայաց վերեւի կանգառում: Ոստիկանները, չկարողանալով Զ.Փոստանջյանի ձեռքից խլել բարձրախոսը, այնուամենայնիվ արգելել են նրանով խոսել»,- ասված է «Ժառանգության» հաղորդագրության մեջ: