Հայաստանը հետաքրքրված է Վրաստանում որոշակի ոլորտներում առկա հաջողություններով եւ փորձի փոխանակմամբ: Այս մասին այսօր` մայիսի 4-ին հայտարարել է Հայաստանի  փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը` ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, այդ ոլորտներն են տեղական եւ տարածքային կառավարման, ընտանեկան նպաստի, քաղաքային տնտեսության, ջրամատակարարման համակարգերի կառավարման ոլորտները:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը կարծիք է հայտնել, որ միջռեգիոնալ համագործակցությունն ավելի լայն հնարավորություններ կստեղծի եվրոպական կառույցների կողմից տարածաշրջանային ծրագրերի իրականացման առումով:

Նա տեղեկացրել է, որ մարզպետներին առաջարկվել է  այցելություններ կազմակերպել Վրաստան եւ տեղում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին:

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջտարածաշրջանային գործակցության ակտիվացմանը: