Ֆրանսիայի սենատում այս րոպեներին շարունակվում են բուռն քննարկումները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի շուրջ։ Իշխող «Հանուն ժողովրդական շարժման» միության սենատոր Բրյունո Ժիլլը հայտարարել է, որ Թուրքիան ԵՄ անդամության թեկնածու երկիր է, սակայն այդ երկրի ներսում Հայոց ցեղասպանությունը հիշատակողների համար քրեական պատիժ է սահմանված։ «Պետք է խիստ քննադատության արժանացնել Հայոց ցեղասպանությունը մերժելու համար։ Ես ընդունում եմ այս փաստը, եւ կողմ եմ քվեարկելու նախագծին»,- ասել է սենատոր Ժիլլը։
Ֆրանսիայի սոցիալիստական ընդդիմադիր կուսակցության սենատոր Ժերար Կոլոմբն իր ելույթում ընդգծել է, որ հայերը 20-րդ դարի սկզբում ցեղասպանության են ենթարկվել, հենց այն պատճառով, որ որոշ երկրներ դիվանագիտական հարաբերությունների մասին մտածելով էին ղեկավարվում։ «Հայերին իսպառ ոչնչացնելու ծրագիր կար։ Դիվանագետներն այդ մասին գրել են։ Չկա նման մեկ այլ ցեղասպանության օրինակ, որն այդչափ գազանաբար իրականացված լինի։ Այս ամենի մասին մտածելով՝ մենք պետք է կողմ քվեարկենք նախագծին, որպեսզի պահպանենք հումանիզմի գործը»,- ասել է սոցիալիստ սենատորը։
Նշենք, որ մայիսի 4-ին Ֆրանսիայի սենատը սկսել է քննարկել Հայոց ցեղասպանության մերժումը քրականացնող օրենքի նախագիծը։ Ֆրանսիայի հայ համայնքն ի պաշտպանություն նախագծի ակցիա է իրականացնում՝ կոչ անելով ընդունել օրենքը։
Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը քրականացնող օրենք է ընդունել։ Սակայն, Ֆրանսիայում ԱԺ-ում օրենքի ընդունումից հետո, այն պետք է վավերացվի Սենատում, որից հետո միայն, նախագիծը օրենքի ուժ է ստանում։





























