Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության մերժումը քրականացնող օրենքի նախագծի շուրջ քննարկումներում հնչել է նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանության կարծիք։
Սենատի իրավաբանական հանձնաժողովի ղեկավար, «Հանուն ժողովրդական շարժման» միության ներկայացուցիչ Ժան Ժակ Իեստը առաջարկել է նախագիծը ճանաչել հակասահմանադրական, եւ նշել, որ բոլոր երկրները Հայոց ցեղասպանության մասին միայն բանաձեւեր են ընդունել, սակայն դրա մերժման վերաբերյալ օրենք չեն ընդունել։
Նախագծին աջակցելու մասին հայտարարել է Ֆրանսիայի սոցիալիստական ընդդիմադիր կուսակցության սենատոր Բեռնար Պիրասը։ Նրա համոզմամբ՝ միայն նախագծին օրենքի ուժ տալով հնարավոր կլինի պայքարել Հայոց ցեղասպանության մերժման դեմ։ «Մերժան դեպքում պատասխանատվության ենթարկելը, մարդու ազատ արտահայտվելու դեմ ուղղված չէ։ Այս տեքստը երկրի Սահմանադրությանը չի հակասում»,- ասել է Պիրասը։
Կենտրոնամետ ուժերի միության սենատոր Ֆրանսուա Զոկկետոն հայտարարել է, որ ինքը եւս համարում է նախագիծը հակասահմանադրական։
Նշենք, որ մայիսի 4-ին Ֆրանսիայի սենատը սկսել է քննարկել Հայոց ցեղասպանության մերժումը քրականացնող օրենքի նախագիծը։ Ֆրանսիայի հայ համայնքը ի պաշտպանություն նախագծի ակցիա է իրականացնում՝ կոչ անելով ընդունել օրենքը։
Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը քրականացնող օրենք է ընդունել։ Սակայն, Ֆրանսիայում ԱԺ-ում օրենքի ընդունումից հետո, այն պետք է վավերացվի Սենատում, որից հետո միայն, նախագիծը օրենքի ուժ է ստանում։





























