Ֆրանսիան շատ հայերի է ընդունել, ովքեր բարձրացնում են իրենց ընդունած երկրի պատիվը։ Այս մասին Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է «Հանուն ժողովրդական շարժում» իշխող միության (UMP) ներկայացուցիչ Ժակ Բլանը։ Նրա խոսքով՝ նախագծի քննարկումը ինտեգրացիայի լավ հնարավորություն է, սակայն փաստերը որակելու համար անհրաժեշտ է պատմական դեպքերին անդրադառնալ, իսկ դրանք դեռեւս ավարտված չեն։

«Այս օրենքը կխանգարի պատմական հետազոտություններին»,- նշել է նա՝ կոչ անելով դեմ քվեարկել օրենքի նախագծին։

Բլանին հակադարձել է Սենատի փոխխոսնակ, կոմունիստ Գի Ֆիշերն՝ ընդգծելով, որ Հոլոքոստի վերաբերյալ նման օրենք կա գործող, որը, սակայն չի խանգարել Հոլոքոստի պատմական հետազոտություններին։ Նա կոչ է արել ընդունել նախագիծը։  Թուրքիային բարեկամ անվանող Ժերար Կոլոմբը նշել է, որ ինքը եւս կողմ է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը, բայց դա չպետք է խանգարի պատմական դեպքերն իրենց անունով կոչելուն։ «Գերմանացիներն ընդունել են իրենց մեղքը, եւ կարծում եմ, վաղը Հայոց ցեղսպանությունը եւս ոչ ոք չի կարող հերքել»,- նշել է նա։

Նշենք, որ մայիսի 4-ին Ֆրանսիայի սենատը սկսել է քննարկել Հայոց ցեղասպանության մերժումը քրականացնող օրենքի նախագիծը։ Ֆրանսիայի հայ համայնքը ի պաշտպանություն նախագծի ակցիա է իրականացնում՝ կոչ անելով ընդունել օրենքը։    

Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը քրականացնող օրենք է ընդունել։ Սակայն, Ֆրանսիայում ԱԺ-ում օրենքի ընդունումից հետո, այն պետք է վավերացվի Սենատում, որից հետո միայն, նախագիծը օրենքի ուժ է ստանում։