«Ռոսիա-24» Ռուսաստանի տեղեկատվական հեռուստաալիքը տեսանյութ է պատրաստել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնության մասին, որը վերաբերում է քաղաքապետարանի պաշտոնյաների ներգրավմանը հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու  գործընթացում: Երեւանի քաղաքապետարանի տեսանելի օրինակը հետաքրքրել է Քիշնեւի քաղաքապետարանին, որի ղեկավարությունը ցանկություն է հայտնել նմանատիպ ակցիա անցկացնել` հետեւելով Երեւանի գործընկերների օրինակին:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ կատարվում է քաղաքային տրանսպորտի դիտարկում: Դիտարկման շրջանակներում առաաջարկվել է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, անկախ զբաղեցրած պաշտոններից, շաբաթվա ընթացքում մի քանի օր չօգտվեն իրենց ծառայողական եւ անձնական մեքենաներից` նախապատվությունը տալով  հասարակական տրանսպորտին: Մոնիտորինգն իրականացնում են նաեւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Երեւանտրանս» եւ «Ավտոբուս» ՓԲԸ-ների աշխատակիցները:  Բացի այդ, դիտարկմանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաեւ մի շարք բուհերի ուսանողներ:

Արդեն կան դիտարկման արդյունքները: Մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում Երեւանում հասարակական տրանսպորտի աշխատանքների կազմակերպման իրավիճակն ուսումնասիրելու նպատակով իրականացվող մոնիտորինգի ապրիլ ամսվա տվյալներով,  պարզվել է, որ մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ.53, 102, 107, 108, 109, 110) փաստացի շահագործվող շարժակազմի քանակները զգալիորեն քիչ են եղել սահմանված պլանային քանակներից, որի արդյունքում մեծ են եղել շարժման միջակայքերը եւ չի ապահովվել երթուղիների կանոնավոր սպասարկումը:

Մի շարք միկրոավտոբուսային երթուղիներում (հ.հ.4, 11, 16, 31, 37, 39, 40, 52, 60, 61, 66, 75, 81, 82, 84, 92, 102, 108, 110) շարժակազմերի 30-50 տոկոսի արտաքին տեսքը գնահատվել է անբավարար:

Սահմանված ուղեվարձից բարձր` 200 դրամ ուղեվարձով փոխադրումներ իրականացնելու (միկրոավտոբուսային հ.հ.69 եւ 76 երթուղիներ), երթուղում սահմանված քանակի շարժակազմ չապահովելու եւ ուղեւորների սպասարկումը ձախողելու (հ.53 երթուղի) համար, մրցութային հանձնաժողով են ներկայացվել համապատասխան հիմքեր` նշված երթուղիները սպասարկող կազմակերպությունների հարցը քննարկելու եւ նրանց սպասարկման իրավունքից զրկելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ քաղաքայյին տրանսպորտի թեման նաեւ քննարկվել է Facebook սոցիալական ցանցում Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում:  Yerevanci yerevanyan կեղծանունով մի օգտատեր դիմել է քաղաքապետին հետեւայլ առաջարկությամբ: «Հարգելի պարոն քաղաքապետ, առաջարկում եմ. Հանձնարարեք Ձեր բոլոր աշխատակիցներին, ասենք, մեկ շաբաթով կանգնեցնեն իրենց ծառայողական մեքենաները (թողնելով 1-2-ը հրատապ դեպքերի համար) եւ երթեւեկեն քաղաքային տրանսպորտով:Այդ ժամանակ նրանք կհասկանան եւ կտեսնեն այն նրբությունները, ինչի մասին այստեղ խոսվում է կամ կխոսվի։ Մեծ օգուտ կլինի բյուջեին, հաճելի կլինի այն խավին, որին բորբոքում են այդ պետերը` իրենց շքեղ մեքենաներով։  Եվ էլի մի շարք դրական (քաղաքական եւ բարոյական) գործոններ, որոնք ես չեմ նշում»:

Մեկ այլ օգտագործող Aram Tovmasyan անունով,  շարունակելով քննարկումը, նշել է, որ  չի պատկերացնում որ որեւէ քաղաքապետի տեղակալ կամ նախարար առավոտյան օգտվի հասարակական տրանսպորտից: « Չեմ պատկերացնում, որ որեւէ քաղաքապետի տեղակալ կամ նախարար առավոտյան խցկվի երթուղային ու, օրինակի համար, Դավթաշենից մի ժամից ավել  «ձիու պես կռացած» հասնի աշխատավայր: Եթե մեր քաղաքապետն էլ նման հրահանգ տա, կարծում եմ նրանք պետք է որ նախընտրեն հեծանիվ վարել, որպեսզի խուսափեն համաքաղաքացիների հետ «անհարկի շփումից»: Բայց դա էլ է ֆանտաստիկա»:

Հենց քաղաքացիների առաջարկներին ի պատասխան` Երեւանի քաղաքապետը որոշում է ընդունել, որ դիտարկումն անցկացնեն Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները: