Վերջերս Facebook սոցիալական ցանցում ձեւավորված «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի ներկայացուցիչները` ակադեմիկոս Արթուր Իշխանյանը, Խաչիկ Գեւորգյանը ու այլ երիտասարդ գիտնականներ հանդիպել են «Ժառանգության» անդամների հետ եւ քննարկել իրենց հուզող խնդիրները:

«Ժառանգությունից» NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը իրենց մտահոգությունն են հայտնել Հայաստանում գիտության ներկայիս աղետալի վիճակի եւ հատկապես Կառավարության կողմից երիտասարդ գիտնականների հանդեպ «անմարդկային ու հակապետական» վերաբերմունքի կապակցությամբ: Օրինակ` նշվել է, որ բազմաթիվ տաղանդաշատ երիտասարդ գիտնականներ զավեշտալի աշխատավարձերի պատճառով (երբեմն` 28 հազար դրամ) լքում են հայրենիքը: Գիտնականների միջին տարիքը վերջին 10 տարիների ընթացքում աճել է 10 տարով եւ այժմ հասնում է 57-58-ի: Այս աղետալի տեմպերով շուտով գիտությունը Հայաստանում կարող է բառացիորեն ֆիզիկապես դադարել գոյություն ունենալուց: 

Նշենք, որ այսօր աշխարհում գիտնականների միջին մասնաբաժինը 1 մլն բնակչի հաշվով կազմում է 3500 մարդ, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը ընդամենը 1500 է:  Հայաստանում նաեւ չեն կիրարկվում գիտության բնագավառին վերաբերող միջազգային չափանիշները: Անգամ չկա օրենք փորձաքննության մասին: Խմբի անդամները տեղեկացրեցին նաեւ, որ Facebook-ում տեղադրել են 14 հեղինակային ծրագրերի հակիրճ նկարագրությունները, որոնց կարելի է ծանոթանալ հետեւյալ հասցեով. 

«Ժառանգության» ներկայացուցիչները նշել են, որ կուսակցությունը միշտ հետեւողականորեն բարձրացրել է գիտության ֆինանսավորման ավելացման խնդիրը: Մասնավորապես, կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ այն պետք է հասցվի ՀՆԱ-ի 3%-ին:

2011թ. բյուջեում «Ժառանգությունն» առաջարկել է գիտությանը հատկացվող գումարը բյուջեի 0,98 տոկոսի փոխարեն դարձնել 1.5 տոկոս, գիտնականների աշխատավարձը կրկնապատկել եւ, վերջապես, կենսաթոշակի անցած գիտնականների համար սահմանել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000թ.-ին ընդունված ՀՀ օրենքով նախատեսված հավելավճարները: