Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագծի քվեարկության ընթացքում դահլիճում ներկա է եղել նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, հայտնում է AFP-ն։
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Ֆրանսիայի Սենատը մայիսի 4-ին 196 դեմ եւ 74 կողմ ձայներով չի վավերացրել Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագիծը։
Սենատում օրենքի նախագծի կապակցությամբ բուռն քննարկումներ են ծավալվել։
Ֆրանսահայերը Սենատում քննարկումների ընթացքում, ի պաշտպանություն օրենքի նախագծի, ակցիա են իրականացրել։
Նախագծով պահանջվում է, որ Հայոց ցեղասպանության մերժողները 1 տարի ազատազրկման ենթարկվեն, ինչպես նաեւ վճարեն 45 հազար եվրո տուգանք։ Նախագիծը օրակարգ էր մտցրել սենատոր, սոցիալիստ Սերժ Լագոշը 30 այլ կուսակիցների հետ։
Ըստ AFP-ի՝ Ֆրանսիայի արդարադատության նախարար Միշել Մերսյեն հայտարարել էր, որ նախագծի քվեարկության կապակցությամբ հույսը դնում է «Սենատի իմաստության վրա», իսկ քաղաքական կուսակցությունները ազատ քվեարկության հնարավորություն էին տվել կուսակից սենատորներին։
Նշենք, որ մայիսի 4-ին Ֆրանսիայի սենատը սկսել է քննարկել Հայոց ցեղասպանության մերժումը քրականացնող օրենքի նախագիծը։ Ֆրանսիայի հայ համայնքը ի պաշտպանություն նախագծի ակցիա է իրականացնում՝ կոչ անելով ընդունել օրենքը։
Հիշեցնենք, որ 2006 թվականի հոկտեմբերի 12-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովը 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժխտումը քրականացնող օրենք է ընդունել։ Սակայն, Ֆրանսիայում ԱԺ-ում օրենքի ընդունումից հետո, այն պետք է վավերացվի Սենատում, որից հետո միայն, նախագիծը օրենքի ուժ է ստանում։
Նշենք, որ ըստ սկանդալային Wikileaks-ի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին խոստացել էր խոչընդոտել օրենքի ընդունմանը։





























