Ֆրանսիայի Սենատի առջեւ հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են կազմակերպել։ Ինչպես տեղեկացնում է AFP-ն, մոտ 500 ցուցարարների շարքերում են եղել շանսոնիե Շառլ Ազնավուրն ու գրող Բեռնար Անրի-Լեւին, ովքեր որոշ ժամանակ անց մուտք են գործել Սենատի շենք:
Ցուցարարները ծածանել են Ֆրանսիայի, Հայաստանի դրոշները, եւ «Սենատ, մի ճնշվիր», «Մերժումը ազատ արտահայտում չէ» կարգախոսով պաստառ են պարզել։
«Ֆրասնահայերը զայրույթի մեջ են, քանի որ նախագահ Սարկոզին իր խոսքի տերը չեղավ։ Նրանք, ովքեր դեմ են քվեարկելու այս նախագծին, Հայոց ցեղասպանության մերժողների շարքում են հայտնվելու։ Նախագահական ընտրություններից առաջ հայ համայնքը իր հաշվեհարդարը կտեսնի»,- AFP-ի թղթակցին հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ֆրանկ Փափազյանը։
Ըստ Փափազյանի՝ նախագիծը «ճշմարտության դեմ ոտնձգություն կատարողների դեմ էր ուղղված, իսկ ճշմարտությունը Ֆրանսիայի հանրապետության արժեքներից է»։
Ցուցարարների առջեւ ելույթ ունենալով՝ Սենատի փոխխոսնակ Գի Ֆիշերը նշել է, որ խորհրդարանը մնացել է 2001թ. ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի «սահմանագծին»։ «Այս օրենքին մեծ հաճույքով կողմ եմ քվեարկել, սակայն այն սիմվոլիկ նշանակություն ունի, եւ իրավական հետեւանքներ չի ենթադրում։ Մենք պետք է կանոնակարգենք այս հարցի քրեական պատասխանատվության մասը»,- ասել է նա։





























