Բուլղարիայի մասնագիտացված քրեական դատարանի որոշմամբ կշարունակեն կալանավորված մնալ երկրի բնապահպանության փոխնախարար Կրասիմիր Ժիվկովը եւ Իտալիայից վտանգավոր թափոնների տեղափոխման ու օգտահանման հետ կապված մեքենայությունների վերաբերյալ գործի մյուս չորս ֆիգուրանտները: Դատական նիստը տեւել է 14 ժամ եւ ավարտվել երկուշաբթի գիշերը: Այս մասին հայտնել է Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը:
Հեռուստատեսության տեղեկացմամբ՝ դատարանը ընդունել է, որ դատախազության ներկայացրած ապացույցների հիման վրա կարելի է հիմնավորված ենթադրել, որ հենց մեղադրյալներն են կատարել հանցագործությունը, եւ կարծում է, որ ազատության մեջ լինելով՝ նրանք կարող են նոր հանցագործություն կատարել կամ ազդել գործով անցնող վկաների վրա: Մասնագիտացված դատարանի որոշումը կարելի է բողոքարկել 3 օրվա ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սպասվում է, որ Ժիվկովն արդեն երկուշաբթի պաշտոնապես կհեռացվի բնապահպանության նախարարությունում իր պաշտոնից:
Շաբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ գործով դատախազները հայտնել էին, որ «կազմակերպված հանցավոր խումբը, որի մեջ է մտնում նաեւ բնապահպանության փոխնախարար Կրասիմիր Ժիվկովը, ստեղծվել է շահադիտական նպատակներով»: Իսկ քննության ընթացքում հաստատվել է, որ փոխնախարարը կատարել է ոչ իրավաչափ գործողություններ՝ մեղադրվող բիզնեսմեններին օգնելով կազմակերպել Իտալիայից վտանգավոր թափոնների տեղափոխման եւ վերամշակման մեքենայությունները, ընդ որում՝ այդ գործունեության մեծ մասը կեղծ է եղել:
Քրեական գործով քրեադատավարական գործողություններն անցկացվել են մայիսին 28-ից երկրի ամբողջ տարածքում 40 օբյեկտներում: Խուզարկությունների ժամանակ առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր եւ արժեքավոր իրեր: Հաստատվել է, որ 10 մարդուց կազմված կազմակերպված խումբը կատարել է հանցագործություններ ընդդեմ շրջակա միջավայրի պահպանության, հարկային հանցագործություններ, կեղծել է փաստաթղթեր: Բոլոր ֆիգուրանտները ներկայումս կալանավորված են, նրանցից 5-ը տնային կալանքի մեջ են:
Քրեական գործի քննությամբ զբաղվում են Բուլղարիայի եւ Իտալիայի քննիչները:





























