Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 5-ին եղել է Արարատի մարզում, որտեղ մասնակցել է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան (ՀՄՀ-Հայաստան) ծրագրի շրջանակներում վերականգնված Արմաշի պոմպակայանի բացման արարողությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ԱՄՆ Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը:

ՀՄՀ-Հայաստանի ներդրումն այս պոմպակայանում կազմում է 2,892,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, արված աշխատանքները ներառում են բոլոր պոմպերի եւ 9 շարժիչների, էլեկտրասարքերի եւ մալուխների փոխարինում, պոմպակայանի շենքի եւ ջրընդունիչի հիմնովին վերականգնում, ավազորսիչի տեղադրում: Արմաշի պոմպակայանը ոռոգման ջուր է մատակարարում Արարատի մարզի Արմաշ եւ Սուրենավան համայնքներին` ոռոգելով 1,481 հեկտար հողատարածք չորս խողովակաշարերից:

Այցելության հաջորդ կանգառը Ավշար-Այգեւանի պոմպակայանն էր, որտեղ շինարարական աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են: Այստեղ ՀՄՀ-Հայաստանը կառուցել է պոմպակայանի հիմնովին նոր շենք: ՀՄՀ-Հայաստանի ներդրումը Ավշար-Այգեւանի պոմպակայանի վերականգնման գործում կազմում է 1,383,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար: Այն ոռոգում է 1,300 հեկտար հող Եղեգնավան, Ավշար եւ Այգեւան համայնքներում:

Ծրագրի ավարտին ՀՄԿ ընդհանուր ներդրումը Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում տեղակայված 17 պոմպակայաններում համարժեք կլինի 41 միլիոն դոլարի: Արարատի մարզում, որտեղ գտնվում են Արմաշի եւ Ավշար-Այգեւանի պոմպակայանները, ՀՄՀ-Հայաստանի շրջանակներում արված ներդրումը ամենաշոշափելիներից է. այն կազմում է շուրջ 13 միլիոն Ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման եւ Ջրից դեպի շուկա բաղադրիչների մասով: