ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է կրկին թույլատրել բացօթյա առեւտուրը։ Այդ նպատակով նա շրջանառության մեջ է դրել օրենսդրական նախաձեռնություն՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Դրանով առաջարկվում է թույլատրել մրգի եւ բանջարեղենի բացօթյա առեւտուրը։
Կառավարությունը մայիսի 5-ի նիստում բացասական եզրակացություն տվեց սույն օրինագծին։ Կառավարության ներկայացրած եզրակացության մեջ նշված է, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացվող ֆիզիկական անձանց թույլատրվում է առուվաճառք իրականացնել միայն գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, կենդանիների շուկաներում եւ տոնավաճառներում (վերնիսաժներում)։
Բացի այդ՝ Վ. Դալլաքյանի առաջարկությունը, ըստ կառավարության, հակասում է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ դրա հիման վրա հաստատված սանիտարական կանոնների, նորմերի եւ հիգիենիկ նորմատիվների պահանջներին։




























