Հայաստանի կառավարությունն այսօր՝ մայիսի 5-ին հաստատեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Դրանով օրենքի գործողության ժամկետը 2010 թ. նոյեմբերի 1-ից երկարաձգվում է մինչեւ 2011 թ. մայիսի 1-ը։
Օրենքն ընդունվել է 2003 թ. եւ հնարավորություն է տալիս բանակից խուսափողներին՝ որոշակի գումար վճարելու դեպքում ազատվել քրեական պատասխանատվությունից։
Նշենք, որ ամեն տարի կառավարությունն ու օրենսդիրը օրենքում կատարում են փոփոխություն, որով մեկ զորակոչ երկարաձգում են օրենքի գործողության ժամկետը։ Այսօրվա նախագիծը հերթական փոփոխություններից է։
Այս նախագիծը որպես կանոն ներկայացնում է սփյուռքի նախարարությունը, քանի որ հատկապես կարեւորվում է արտասահմանում գտնվող երիտասարդների հայրենիք վերադառնալու հարցը։
Նշենք, որ ըստ այդ օրենքի, պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները յուրաքանչյուր բաց թողնված զորակոչի համար պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի 100ապատիկը։
Ըստ սփյուռքի նախարարության ներկայացրած տեղեկանքի՝
օրենքի կիրառման արդյունքում ստացած վճարները մուտքագրվում են ՀՀ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում եւ ուղղվում են ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռքբերմանը: 2010 թ. այդ հաշվում մուտքագրվել է մոտ 870 միլիոն դրամ։





























