Երեւանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երեւան քաղաքի զորակոչային հանձնաժողովի 2011-ի գարնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման անդրանիկ նիստը: Այն վարել է հանձնաժողովի նախագահ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թվականի աշնանային զորակոչի հաշվետվությամբ եւ 2011 թ.-ի գարնանային զորակոչի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել տարածքային զինվորական կոմիսարները: Ներայացված զեկույցների համաձայն նախորդ տարվա աշնանային զորակոչի պլանային առաջադրանքները Երեւան քաղաքում կատարվել են 100,3 տոկոսով,  զորակոչից խուսափած  զինակոչիկների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:

Ինչ վերաբերում է 2011 թ.-ի գարնանային զորակոչի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ապա զեկուցվել է, որ ընթանում են բնականոն հունով: Տարածքային զինկոմիսարիատները ակտիվորեն համագործակցում են տեղական ինքնակառավարման եւ իրավապահ մարմինների հետ`առաջադրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար:

Նիստին մասնակցել են Երեւան քաղաքի զորակոչային հանձնաժողովի անդամները`ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, տարածքային զինվորական կոմիսարները, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետը, Երեւանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները  եւ մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները :