«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի Հայաստանում վերջին 5 տարիներին իրականացված օժանդակության ծրագրերը եղել են արդյունավետ եւ նպաստել են Հայաստանի գյուղական շրջանների զարգացմանը: Այս մասին այսօր` մայիսի 5-ին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Յոհանեսի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Դանիել Յոհանեսը նշեց, որ ինքը Հայաստան է ժամանել անձամբ տեսնելու կորպորացիայի օժանդակությամբ իրականացված ծրագրերը եւ գոհ է դրանց արդյունքներից: «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավարը նաեւ գոհունակություն է հայտնել  ծրագրերի իրականացման ընթացքում Հայաստանի կառավարության հետ համագործակցության կապակցությամբ:

Հայաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին հայ-ամերիկյան հարաբերություններում արձանագրված դինամիկան՝ ընդգծելով, որ այն համագործակցության համակողմանի ընդլայնման նոր հնարավորություններ է ստեղծում: