Վերջին շրջանում Հայաստանում լայն կիրառում է գտել արտամարմնային բեղմնավորումը, սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս միանգամից դիմել այդ մեթոդին։
Բեղմավորման այս մեթոդին պետք է դիմել այն ժամանակ միայն, երբ սպառվել են երեխա ունենալու բոլոր հնարավորությունները։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ.Կարինե Առուստամյանը՝ հավելելով, որ եթե զույգը լիարժեք չի հետազոտվել եւ չբերության պատճառները պարզված չեն, միանագամից դիմել արտամարմնային հղիության մեթոդին՝ ճիշտ չէ։
«Ինչպես ամեն մի բուժագործություն, սա եւս իր ցուցումներն ունի եւ կարող է նաեւ բարդություններ ունենալ»,-ասաց Կ. Առուստամյանը՝ հավելելով, որ բանն այն է, որ արտամարմնային բեղմավորման ժամանակ օգտագործվում են բավականին մեծ դոզայով հորմոնային պրեպարատներ, ինչը հորմոնալ ծանրաբեռնվածություն է օրգանիզմի համար։
Ըստ բժշկի՝ մինչ արտամարմնային բեղմնավորմանը դիմելը պետք է այլ քայլեր կատարել՝ դեղորայքային բուժում, հատուկ հետազոտական մեթոդներ եւ այլն։ Այդ ամենը կատարելուց եւ արդյունքի չհասնելուց հետո միայն պետք է դիմել արտամարմնային բեղմավորման։ Որոշ դեպքերում (բնածին արատ կամ վիրահատական միջամտության հետեւանքով առաջացած խնդիրներ) զույգին միանգամից խորհուրդ է տրվում երեխա ունենալ բեղմավորման հենց այս եղանակով։
Կ. Առուստամյանի խոսքով՝ իրենց հաճախ են դիմում զույգեր, որոնք ամուսնացել են ընդամենը 2 տարի եւ երեխա չունեն, սակայն չեն անցել աստիճանական հետազոտական քայլերի ընթացքը։
«Նման դեպքեում մենք չենք կատարում արտամարմնային բեղմավորում, այլ խորհուրդ ենք տալիս շարունակել հետազոտությունները՝ պարզելու համար չբերության պատճառը»,-ասաց Կ. Առուստամյանը։ Ընդսմին՝ արտամարմնային բեղմնավորումը չի երաշխավորում 100 տոկոսանոց արդյունք։





























