Հայաստանում արտամարմնային բեղմավորման վերաբերյալ ուսումնասիրություններ վաղուց են կատարվել, սակայն առաջին իրական փորձն արվել է 2004թ.-ին: Արդյունքում՝ առաջին անգամ արտամարմնային բեղմավորմամբ մեր երկրում լույս աշխարհ եկան երեք մանկիկներ՝ երկու աղջիկ եւ մեկ տղա։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, բ.գ.դ. Կարինե Առուստամյանը։ Նրա խոսքով՝ այդ ամենը հնարավոր դարձավ 2002թ.-ից, երբ սկսվեց համագործակցությունը Ֆրանսիայի Մարսել քաղաքի Մարդու վերարտադրողականության բժշկական ինստիտուտի բժիշկների հետ։ Այդ համագործակցությանը մեծապես աջակցել է Ֆրանսիայի «Ազատագրություն» հայ միության անդամ, Մարսելի բնակիչ Անդրանիկ Հակոբյանը։
«Արտամարմնային բեղմնավորման մեթոդի էությունը կայանում է նրանում, որ արտաօրգանիզմային պայմաններում՝ մարմնից դուրս, տեղի է ունենում կնոջ եւ տղամարդու սեռական բջիջների բեղմնավորում։ Ստացված սաղմը հետագայում նորից տեղադրվում է կնոջ արգանդում` հղիության հետագա զարգացման համար»,-ասաց Ա. Առուստամյանը։ Նրա խոսքով` արտամարմնային բեղմավորումը բժշկության մեջ հնարավոր դարձավ միայն այն ժամանակ, երբ պարզվեցին անպտղության հիմնական պատճառները եւ մշակվեցին դրանք կանխելու կամ բուժելու հնարավորությունները։
«Դա հնարավորություն է տալիս շրջանցել այն բոլոր արգելքները, որոնք կարող են լինել չբերության պատճառ։ Արդյունքում՝ բազմաթիվ մարդիկ, ովքեր չէին կարողանում երեխա ունենալ, սկսեցին զգալ ծնող դառնալու բերկրանքը»,-ասաց Կ. Առուստամյանը։ Նրա տեղեկացմամբ՝ ներկայումս արտամարմնային բեղմավորման մեթոդները արդեն բավականին լայնորեն կիրառվում են Հայաստանում։ Արտամարմնային բեղմնավորումը Հայաստանում արժե 1-1.5 մլն. դրամ։
Նշենք, որ աշխարհում արտամարմնային բեղմանվորման եղանակով առաջին երեխան՝ Լիզա Բրաունը, ծնվել է 1978թ.-ին։ Ամբողջ աշխարհում, ներառյալ նաեւ Հայաստանում, այս ճանապարհով ծնվել է շուրջ 2 մլն երեխա։
Լուսինե Մովսիսյան





























