Հետաձգվել է «Արմավիայի» Թել-Ավիվ-Երեւան չվերթը` վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով: Թել-Ավիվի օդանավակայանում օդանավը լիցքավորվել է յուղ պարունակող վառելիքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
«Արմավիան» ստիպված է եղել հետաձգել չվերթը, քանի որ վառելիքի մեջ յուղ է հայտնաբերվել: Նույն պատճառաբանությամբ, հետաձգվել են նաեւ այլ ավիաընկերությունների չվերթները, որոնց օդանավերը լիցքավորվել են Թել-Ավիվի օդանավակայանում»,- ասել է Ավետիսովան, հավելելով, որ Թել-Ավիվի օդանավակայանում դեռ չեն բացատրել, թե ինչպես է յուղը հայտնվել վառելիքի մեջ:
Ավետիսովան նաեւ հայտնել է, որ հիմա միջոցներ են ձեռնարկվում վառելիքը մաքրելու խնդիրը լուծելու համար:
«Թել-Ավիվ-Երեւան չվերթի 41 ուղեւորները տեղավորվել են հյուրանոցներում` Թել-Ավիվի օդանավակայանի հաշվին: Դեռեւս անհայտ է, թե երբ կիրականացվի չվերթը, քանի որ դա կախված է նրանից, թե երբ կմաքրվի վառելիքը»,- ընդգծել է նա:





























